ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուսուցիչները իրենց աշխատանքի համար միավորներ կստանան․ աշխատավարձը կախված է լինելու նաև դրանից․ Փաշինյան

Ուսուցիչները իրենց աշխատանքի համար միավորներ կստանան․ աշխատավարձը կախված է լինելու նաև դրանից․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզի Արագած համայնքում հայտարարել է, որ այս տարվա նոյեմբերից ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա։ Դիմումները ընդունվելու են մայիսից, իսկ ատեստավորման գործընթացը տեղի է ունենալու մինչև նոյեմբեր։

Ծրագիրը հասանելի է լինելու 7 առարկաների ուսուցիչների համար։ Նիկոլ Փաշինյանը նշեց «Հայոց լեզու», «Գրականություն», «Մաթեմատիկա», «Քիմիա», «Հայոց պատմություն» առարկաների մասին․ «Այդ առարկաներից ենք սկսում»։

Փաշինյանի խոսքով՝ որակավորում անցած ուսուցիչները իրենց աշխատանքի ընթացքում կստանան կրեդիտներ, իրենց աշխատանքի համար միավորներ՝ աշակերտների բերած իրական արդյունքներից․

«Ոչ թե մատյանում կամ օրագրում գրված գնահատականներով, այլ իրական արդյունքներով։ Նրանք միավորներ կստանան և այդ մեխանիզմով ուսուցչի աշխատավարձը, անկախ կառավարության որոշումներից, անընդհատ աճելու է։ Բայց աճելու է այն ուսուցչի աշխատավարձը, ով ապացուցելու է իր բարձր որակավորումը։ Իսկ այն ուսուցիչները, ովքեր իրենց բարձր որակավորում չեն կարողանալու ապացուցել, մենք այդ ուսուցիչների կօգնենք իրենց մասնագիտական պատրաստվածությունը բարձրացնելու հարցում կամ կօգնենք վերաորակավորվել և այլ աշխատանքի անցնել։ 3-4 տարվա ընթացքում մենք համոզված կլինենք, որ մեր դպրոցներ մտնում են միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ։ Այսօր գիտե՞ք, որ կա ուսուցիչ, որը ստանում է 30 հազար դրամ աշխատավարձ։ Ինչ գիտելիք էլ ունենա, էդ մարդը միայն կենցաղային դարդերով այնքան կշեղվի, որ դասապրոցեսը կմոռանա»։

Նա նշեց, որ կադրերի պակասը լրացվելու է նաև մարզային դպրոցներում։ Ներդրվելու է հեռավար ուսուցման ծրագիր։

«Բարձր որակավորում ունեցող ուսուցիչները միավորվում են հեռու դպրոցների հետ և դաս են վարում։ Մենք մտածում ենք հեռավոր դպրոցների կրթական ցիկլը մի քիչ տեղաշարժենք։ Նրանց մոտ դասերը ավելի ուշ կսկսեն և ավելի ուշ կավարտվեն։ Օրինակ՝ մենք ամառային արձակուրդների ժամանակ բարձր որակավորում ունեցող ուսուցիչներին գործուղենք, ուսուցիչը, ով ապրում է Երևանում, իր ընտանիքով կգնա այդ հեռավոր գյուղը, իր հանգիստը այնտեղ անցկացնի և կենդանի շփում կունենա այն երեխաների հետ, որոնց հեռավար դաս է տվել»։

  • Կիսվել: