երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուսման վարձը եկամտային հարկի տեսքով վերադարձնելու մասին օրինագիծը ԱԺ հանձնաժողովը ընդունեց, բայց կառավարությունը դեմ էր

Ուսման վարձը եկամտային հարկի տեսքով վերադարձնելու մասին օրինագիծը ԱԺ հանձնաժողովը ընդունեց, բայց կառավարությունը դեմ էր

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր կայացած նիստում դրական եզրակացություն տվեց Հարկային օրենսգրքի փոփոխության նախագծին, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

«Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանը:

«Այն քաղաքացիները, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն, նրանց եկամտային հարկը կվերադարձվի ուսման վարձի համար: Սկզբում նախագիծը վերաբերում էր նաև բակալավրիատի ուսանողներին, սակայն, քանի որ առայժմ չի ընդունվել Կրթության մասին օրենքը, այս փուլում նախատեսում ենք այդ կարգավորումը կիրառել մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար»,-նախագիծը ներկայացնելիս ասաց Սիսակ Գաբրիելյանը:


Բյուջեի վրա ռիսկերը կանխատեսելի լինելու համար նախագծով նախատեսվում է, որ առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:

«Այսօր Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որտեղ մասնագետների պահանջարկը շատ մեծ է, սակայն չկան։ Այդպիսի ոլորտներն են ՏՏ-ն, գյուղատնտեսությունը, ճարտարապետությունը և այլն»,-ասաց Գաբրիելյանը:

Նախագծի համահեղինակ Լիլիթ Մակունցն իր հերթին նշեց, որ նախագիծը չափազանց կարևոր է և խրախուսում են աշխատանքը: «Երբեմն նաև մագիստրատուրայում ուսանողների վարձավճարը հոգում են ծնողները, ընտանիքները, և մենք գտնում ենք, որ այդ տարիքում ուսանողներն այն կարգավիճակում են, որ կարող են և աշխատել և հոգալ իրենց ուսման վարձը: Նաև հոգեբանություն, մոտեցում է ձևավորվում, որը կարող է վարակիչ լինել այլ ոլորտների համար»,-ընդգծեց պատգամավորը:


Նկատենք, որ կառավարությունը դեմ էր այս նախագծին, և նիստում Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ասաց, որ առաջարկվող համակարգը շատ նման է հիպոթեքային վարկերի միջոցով բնակարանների ձեռք բերման դեպքում տոկոսները հետ ստանալու համակարգին:
«Բայց առնվազն մեկ հիմնական տարբերություն կա, դա այն է, որ ի տարբերություն բնակարանաշինության ծրագրի, որի հիմքում դրված է այն թեզը, որ շինարարությունը տնտեսության այն ոլորտներից է, որն ունի մուլտիպլիկատիվ ու բավական ընդգծված ազդեցություն, և դա գեներացնում է նոր հարկային եկամուտներ պետության համար, նույնը հնարավոր չէ ասել կրթության ոլորտի համար: Կարճ ժամկետում կրթության ոլորտը չունի այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը: Իհարկե, միջնաժամկետից սկսած կարող է ունենալ այդ էֆեկտը, որովհետև լավ կրթություն ստանալով՝ քաղաքացին կսկսի ավելի արտադրողական աշխատել, ավելի մեծ չափով նոր արժեք ստեղծել», -ընդգծեց Պողոսյանը:

Առաջարկվող փոփոխությունն, ըստ փոխնախարարի, հարկային արտոնություն չէ, այլ ծախսային գործիք է, որովհետև եկամտային հարկը վճարվելու է, հետո վերադարձվելու է:

Նա նշեց, որ եթե կա պետպատվերի ինստիտուտ, կարիք չկա դնել փոխլրացնող ևս մեկ ինստիտուտ: «Կարծում եմ՝ մենք պետք է խնդիրները ճիշտ տեղորոշենք ու գործի դնենք ճիշտ գործիքներ՝ այդ խնդիրները լուծելու համար: Պետական պատվերի դեպքում, օրինակ, պետությունն իր վրա է վերցնում այն ուսանողի ծախսը, որը լավ է սովորում: Այլ հարց է, թե այդ գնհատականներն ինչպես են ստանում, բայց գոնե քաղաքականությունն այդպիսին է: Այս համակարգի պարագայում այդ տրամաբանությունը դրված չէ, այսինքն՝ ստացվում է մենք բոլորին ենք խրախուսելու»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ կառավարությունը չի վիճարկում, որ նախագծի նպատակը բարի է, բայց չկա նման խնդիր, որ ուսանողները խուսափում են աշխատելուց միայն այն պատճառով, որ իրենց եկամտահարկը չի վերադարձվում: Հատկապես այն պայմաններում, երբ, նրա խոսքով, այս տարվանից եկամտային հարկի բեռն էական նվազեցվել է:

  • Կիսվել: