հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ ադրբեջանական կողմն ազատ արձակեց ՀՀ 15 քաղաքացու. Ղարիբաշվիլի

Ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ ադրբեջանական կողմն ազատ արձակեց ՀՀ 15 քաղաքացու. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր միջնորդությամբ 15 հայ գերիների վերադարձին և հայկական կողմից Աղդամի ականապատ տարածքների քարտեզների` Ադրբեջանին փոխանցվելուն:

Նա նշել է. ՛՛Ես ուրախ եմ, որ իմ ակտիվ օժանդակությամբ և մեր ռազմավարական գործընկեր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ ադրբեջանական կողմն ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված 15 ՀՀ քաղաքացու և նրանց Վրաստանի տարածքով վերադարձրեց իրենց ընտանիքներ:

Մեր ակտիվ ներգրավվածությունը հնարավորություն տվեց նաև, որ հայկական կողմը ականապատված տարածքների վերաբերյալ կարևոր նյութեր հանձնի ադրբեջանական կողմին՛՛:

Վրաստանի վարչապետը հավելել է, որ ինքն անձամբ անընդհատ կապի մեջ էր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

՛՛Հատկանշական է, որ մեր ռազմավարական գործընկերոջ`ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամբ և գործընթացում մեր զգալի ներգրավմամբ, հատուկ քայլ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության միջավայրի բարելավման ուղղությամբ:

Ես ողջունում եմ մեր հարևան պետությունների այս որոշումը, որը պետք է հիմքեր ստեղծի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և երկարաժամկետ հեռանկարում համագործակցության մթնոլորտ ստեղծելու համար:

Մենք պատրաստ ենք ապագայում, անհրաժեշտության դեպքում և հնարավորության սահմաններում օգնելու մեր գործընկերներին և ակտիվորեն ներգրավվել գործընթացներում, առաջին հերթին՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: 

 

  • Կիսվել: