կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ուրախ եմ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը Հայաստանը ներկայացնելու հնարավորության համար. Արարատ Միրզոյան

Ուրախ եմ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը Հայաստանը ներկայացնելու հնարավորության համար. Արարատ Միրզոյան

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Իքսի իր էջում տեղեկացրել է արտգործնախարար Միրզոյանի Բրյուսել այցի մասին: Մինչև ԵՄ ԱԳ նախարարների հետ հանդիպումը, Միրզոյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Ես շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որպեսզի մասնակցեմ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպմանը: Դա պատիվ է և լավ հնարավորություն՝ ներկայացնելու, թե ինչպիսին է այսօրվա Հայաստանը, ինչ մարտահրավերներ, հնարավորություններ ու ձգտումներ ունենք:

Սա լավ հնարավորություն է ներկայացնելու Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների խորացման մեր ընկալումը, խոսել այն մասին, թե մինչև հիմա ինչ է արվել, ինչպես նաև ինչ է նախատեսվում ԵՄ-Հայաստան հարաբերություններում: 
 
Իհարկե, սա նաև հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու մեր ժողովրդավարությանը և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորմանը Եվրամիության աջակցության համար»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։

  • Կիսվել: