ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ունենք թոքերի արհեստական շնչառության 42 սարք, որից օգտագործվում է միայն մեկը․ նախարար

Ունենք թոքերի արհեստական շնչառության 42 սարք, որից օգտագործվում է միայն մեկը․ նախարար

Հայաստանում, պացիենտների թվի աճին զուգահեռ, մոտեցումները փոխվում են: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահին ունենք թոքերի արհեստական շնչառության 42 սարք, որից օգտագործվում է միայն մեկը, որի վիճակը ծանր է: Մենք գնումների պրոցեսի մեջ ենք. յոթ սարք գնման պրոցեսի մեջ է, փորձում ենք ձեռքբերումներ կատարել աշխարհի բոլոր տեղերից, կա աշխարհում նման սարքավորումների դեֆիցիտ, երկրները զարգացնում են իրենց հզորությունները՝ դրանք արտադրելու, դրան զուգընթաց, կարծում ենք կկարողանանք ավելի սարքեր ձեռք բերել: Հիմնական մատակարարը մնում է Չինաստանը, նաև եվրոպական որոշ երկրներ, բայց այստեղ սահմանափակումներ կան»,- ասաց նախարարը:

Նա տեղեկացրեց, որ թեթև, առանց ախտանշանների պացիենտները գուցե պարզապես մեկուսացվեն հյուրանոցներում կամ հատուկ մեկուսացման վայրերում, կարող է նաև ընտրվել տնային պայմաններում հսկողության տակ պահելը, մինչև հիվանդությունն ինքնուրույն անցնի, քանի որ որոշ դեպքերում բուժօգնության կարիք չկա:
 

Ծանր դեպքերի համար, ըստ նախարարի, միանշանակ անհրաժեշտ է հիվանդանոց տեղափոխել: Այդ նպատակով Երևանում առանձնացված է չորս մասնագիտացված բուժկենտրոն, կա մոտավորապես 650 մահճակալ, կա նաև այլ սցենար, որ մարզային բուժհաստատություններն էլ կարող են դրա համար առանձնացվել:

Թորոսյանը տեղեկացրեց, որ Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների բաժանմունքներն էլ են առանձնացված, այնտեղ այս պահին էլ կան պացիենտներ, որ սիմպտոմներ չունեն, ընդհուպ՝ մահճակալներ տեղադրել այնպիսի վայրերում, որ այս պահին նախատեսված չեն բուժծառայությունների համար:

 

  • Կիսվել: