կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ունենք երեք ճգնաժամ՝ անվտանգային, տնտեսական, ներքաղաքական. Քոչարյան

Ունենք երեք ճգնաժամ՝ անվտանգային, տնտեսական, ներքաղաքական. Քոչարյան

Ունենք երեք ճգնաժամ՝ անվտանգային, տնտեսական, ներքաղաքական․ այդ բոլոր ճգնաժամերն էլ արհեստածին են ու առաջացել են սխալ քաղաքականության  պատճառով։ Այս մասին «Հայաստան» դաշինքի՝ Եղվարդում կայացած քարոզարշավին հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Սխալ քաղաքականություն՝ ներքաղաքական առումով․ այդ իշխանությունը իրեն ավելի լավ էր զգում քաոսային վիճակում՝ բաժանելով երկիրը «սևերի»-«սպիտակների», ատելություն սերմանելով։ Սա իրենց ոճն է, տեսակն է, այլ միջավայրում չեն կարող ապրել։ Շնաձուկն անընդհատ շարժի մեջ պետք է լինի, ագրեսիվ կեցվածք պետք է ունենա, նման մի երևույթ ունենք այսօրվա իշխանության մոտ, իրենց ԴՆԹ-ն սա է»,-հայտարարեց Քոչարյանը, ապա ներկայացրեց իրենց նպատակները։

«Վերականգնել երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը, ոչ միայն կանգնեցնել տնտեսական ճգնաժամը, գահավիժումը, այլև թռիչքաձև աճ ապահովել ՀՀ-ի համար․ սա նշանակում է պրոակտիվ ներդրումային քաղաքականություն, տասնյակհազարավոր աշխատատեղերի ստեղծում, օտարերկրյա շուկաների բացում՝ մեր արտադրանքի համար։ Հաջորդիվ՝ գալիս ենք ժողովրդին հանգստություն բերելու համար։ Հնարավոր չէ ստեղծագործել այս միջավայրում։ Եթե այս վիճակը շարունակվում է երկար, ձևավորվում է տագնապ, ինչն էլ դրդում է արտագաղթի»,-ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ 3 տարվա ընթացքում երկու ոլորտ է եղել, որոնց վրա եղել է համակարգված հարձակում։ «Մեկը բանակի վրա՝ հենց 2018-ից, երկրորդը՝ ազգային գաղափարախոսության վրա․ «սորոսականները» մտան պետական համակարգ, սկսեցին վերանայել ծրագրերը, հարձակվեցին եկեղեցու վրա․ սա պատահական չէր։ Եթե այստեղից դասեր չքաղենք և չուժեղացնենք այս երկու գործոնները դատապարտված ենք լինելու մշտական ճգնաժամերում լինելու, մշտապես վտանգներ ենք ունենալու»,-ասաց նա։

  • Կիսվել: