Ում հետ ուզենամ՝ կարող եմ հանդիպել, պաշտոնյաների հետ կաֆեներում նստել եմ, զրուցել եմ, լավ եմ արել. Արմեն Քոլոյան
Հանրային ռադիոն պետք է լինի մաքսիմալ չեզոք, անաչառ, անկախ, Հանրային ռադիոն չպետք է գովաբանի իշխանությանը, չպետք է գովաբանի ընդդիմությանը: Պետք է լինի չեզոք, ինչպես «Ազաատությունն» էր: Դա ինձ համար կարմիր գիծ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար Արմեն Քոլոյանը:
Անդրադառնալով նրան, որ նախքան հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար դառնալը ինքը հանդիպել է իշխանության ներկայացուցիչների հետ, Քոլոյանն ասաց. «Ես այս քաղաքում եմ ծնվել, այս քաղաքում որտեղ, ում հետ ուզենամ՝ կարող եմ հանդիպել: Ես այդ օրերին պաշտոնյաների հետ զբոսնել եմ, իջել եմ, ինչ-որ կաֆեներում նստել եմ, զրուցել եմ, լավ եմ արել, դա իմ անձնական գործն է: Ես չեմ ուզում ձեզ նշել, թե որ պաշտոնյայի հետ եմ հանդիպել: Դա իմ մասնավոր հանդիպումներն են»:
Հարցին՝ իր նկատմամբ վերեւներից ճնշումներ եղե՞լ են, Արմեն Քոլոյանը պատասխանեց. «Ինձ վրա չկա ճնշում և չի էլ կարող լինել: Ես «Ազատությունից» եմ եկել, իմ նկատմամբ գրաքննական ճնշումը բացառվում է»: