հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ում հետ ասես կոալիցիոն գործընկեր եք եղել՝ երիտթուրքերից մինչև հանրապետականներ․ Կոնջորյան

Ում հետ ասես կոալիցիոն գործընկեր եք եղել՝ երիտթուրքերից մինչև հանրապետականներ․ Կոնջորյան

«Պարոն Մինասյանն ասում է՝ ՔՊ-ն չունի գաղափարախոսություն, է դուք էլ թղթերով սոցիալիստ եք, բայց իրականում ինչ ասես եղել եք, ում հետ ասես կոալիցիոն գործընկեր եք եղել՝ երիտթուրքերից մինչև հանրապետականներ, ձեր դիապազոնն այնքան մեծ է, որը դժվար է հասկանալ»,- ԱԺ-ում իր ելույթում դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կոնջորյանի խոսքով՝ 135-ամյա Դաշնակցությունն այնքան մեծ գրավիտացիոն դաշտ ունի, որ բոլոր գաղափարախոսական ուղղությունները կլանում է իր մեջ. «Պարոն Մինասյանն ասում է՝ հիմա ձեր նպատակը գաղափարախոսությունն է, թե աթոռ պահելը, եթե մենք ուզենայինք աթոռ պահել, դուք այստեղ նստած չէիք լինի: 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են շնորհիվ այն բանի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, խորհրդարանը ցրվել է, եղել են նոր ընտրություններ, դուք էլ եկել բազմել եք այստեղ: Ոչ թե աթոռ պահելու, այլ աթոռ չպահելու արդյունքում է, որ դուք այստեղ բազմած եք և մեզ մեղադրում եք աթոռ պահելու մեջ, այսինքն՝ դուք մի պրիմիտիվ տրամաբանական մտահանգման գործիքակազմ չունեք:

Գալիս եք ձեր վաղամեռիկ տրամաբանությամբ բաներ եք այստեղ խոսում և անընդհատ ցիտում եք բազմադարյա պատմությունը, ամենայն հարգանքով, բայց կուսակցությունները՝ այդ թվում Դաշնակցությունը հազարամյա ծառ չի, կան չէ, տուրիստները գնում են ասում են այս ծառը 720 տարեկան է և սիրահարներն այդ ծառի մոտ նկարվում են, երազանք են պահում, կարող ա՞ Դաշնակցությունն էլ հազարամյա ծառ ա, կամ հազարամյա հուշաքար ա: Ում մասին խոսում ենք, ասում եք չի կարելի խոսել, չի կարելի քննադատել, եկել եք ԱԺ ամբիոնից խոսում եք ապրիորի մի բանի մասին, որն ըստ ձեզ չի կարելի ընդհանրապես քննարկել, Դաշնակցությանը չի կարելի քննարկել: Հայտնի ասույթ կա՝ ասում է հանգուցյալների մասին կամ լավը կամ ոչինչ, Դաշնակցությունը կարող է հանգուցյալ է՝ կամ լավը, կամ ոչինչ, խնդրում եմ մի այդպես վերաբերվեք ձեր կուսակցությանը, դուք մեզ եք քննադատում, մենք ձեզ: 135 տարվա հարուստ կենսագրությունը հարուստ է նաև սխալներով, կյանքն է այդպես, ինչքան երկար ես ապրում, այնքան երկար կարող ես սխալվել»:

Անդրադառնալով նաև Մինասյանի այն հայտարարությանը,որ ՔՊ-ն չունի պատասխանատվություն՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Մի ուժ է խոսում պատասխանատվությունից, որը ժողովրդի կողմից տրված մանդատի բերումով պիտի զբաղեցնի կոնկրետ պաշտոններ ԱԺ-ում և այդ պաշտոնները թափուր թողել է, ժողովրդի մանդատը թափուր թողել է, զբաղված է քաղաքական անպատասխանատվությամբ: Ձեզ մանդատ է տրվել, դուք էլ ձեր մասով եք իշխանություն, դուք ձեր իշխանությունը թողել եք անտեր ու ասում եք դուք պատասխանատվություն չունեք, եկեք մի հատ ձեր ունեցածը վերցրեք, հետո նոր մեզ մեղադրեք, որ մենք ինչ-որ բան ենք զավթում: ԱԺ փոխխոսնակի ընդդիմադիր աթոռը մնացել է ազատ, ինչո՞ւ չեք առաջադրում, աթոռը կա՝ տերը չկա»:

  • Կիսվել: