հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթը չի արտացոլում պաշտոնական Կիեւի դիրքորոշումը․ դիվանագետ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթը չի արտացոլում պաշտոնական Կիեւի դիրքորոշումը․ դիվանագետ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի սկանդալային թվիթը չի արտացոլում պաշտոնական Կիեւի դիրքորոշումը։ Այս մասին հայկական լրատվամիջոցներին հայտնել է Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Նշենք, որ Գերագույն Ռադան Twitter-ի իր էջում գրել էր. «Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Ղարաբաղում՝ օգտվելով Ուկրաինա ռուս զինվորականների գործուղումից»։ Ավելի ուշ թվիթը հեռացվել է։

«Սա, իհարկե, խորհրդարանի պաշտոնական թվիթթերյան էջն է, բայց, այնուամենայնիվ, ուրախության եւ ցնծության առիթ չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ խորհրդարանի պաշտոնական թվիթերյան էջն արտացոլում է Ուկրաինայի դիրքորոշումը»,- ասել է Ավտոնոմովը։

Նրա խոսքով՝ այս հարցով խորհրդարանական որոշում չի եղել։ Միաժամանակ, նա դժվարացել է պատասխանել հարցին, թե ով է գրառում տեղադրել։

«Դա Գերագույն Ռադայի դիրքորոշումը չէ, այդ հարցով որոշում չի կայացվել»,- ասել է ուկրաինացի դիվանագետը։

Պատասխանելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշման մասին հարցին՝ Ավտոնոմովն ընդգծել է, որ Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության վերաբերյալ Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը քաջ հայտնի է եւ անփոփոխ է մնացել անկախության տարիների ընթացքում։ «Ուկրաինայի դիրքորոշումն այնպիսին է, ինչպիսին կա։ Ինչո՞ւ ենք մենք պաշտպանում այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Ամեն ինչ կարող եք տեսնել մեր երկրի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի օրինակով»,- եզրափակել է Ավտոնոմովը։

  • Կիսվել: