երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ուղիղ կապ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ չի եղել և չկա. գլխավոր դատախազ

Ուղիղ կապ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ չի եղել և չկա. գլխավոր դատախազ

Պատերազմից հետո մեր գլխավոր խնդիրը մեղավոր անձանց բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելն է, բայց առաջնահերթությունը, իհարկե, հայ գերիների վերադարձն է: Այդ մասին ԱԺ-ում դատախազության 2020-ի գործունեության մասին հաղորդման քննարկմանն ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:  

Նա նշեց, որ ռուս և ադրբեջանցի գործընկերների հետ եռակողմ հանդիպումը նախաձեռնել է ռուս գործընկերը, բացի դրանից՝ պատերազմի առաջին օրից մշտապես կապի մեջ է եղել նրա հետ, քննարկվել բոլոր մտահոգիչ հարցերը:

Դավթյանն ասաց, որ ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ հանդիպումներում ինքը մշտապես բարձրացրել է նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանի կողմից չկատարման փաստը՝ նշելով, որ այդ կետի լիարժեք չկատարումը լուրջ ռիսկեր ու վտանգներ է պարունակում:

Դատախազի խոսքով՝ ուղիղ կապ Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ չի եղել և չկա, բայց տեղեկությունները՝ զինծառայողների և քաղաքացիական անձանց խոշտանգումների մասին առկա են, և պահանջ է ներկայացվել, որ այդ ուղղությամբ արդարացի արձագանքներ լինեն: 

«Մեզ հաջողվել է ձեռք բերել բավարար փաստական տվյալներ նաև Թուրքիայի կողմից համապատասխան ահաբեկչական խմբավորումներից կազմված վարձկանների ներգրավման և Ադրբեջան տեղափոխման մասին: Արդեն դատական ակտ ունենք երկու վարձկան-ահաբեկչի մասով. նրանք դատապարտվել են ցմահ ազատազրկման: 4 տասնյակ ահաբեկիչներ էլ հետախուզման մեջ են, և այդ հարցը մշտապես քննարկվում է մեր գործընկերների հետ»,- ընդգծեց Արթուր Դավթյանը:

  • Կիսվել: