հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայկական կողմի համար սկզբունքային է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. Արարատ Միրզոյան

Հայկական կողմի համար սկզբունքային է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա հիշեցրեց, որ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքներին` նախարարը ներկայացրել է դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Նախ Միրզոյանը ուշագրավ համարեց այն փաստը, որ փետրվարի 21-ով թվագրված նամակը հայկական կողմին փոխանցվել է միայն մարտի 10-ին։

Ապա նա ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։

«Ինչ վերաբերում է բուն առաջարկներին, ապա երկու երկրներն, ըստ էության, դեռևս 1991 թվականի դեկտեմբերի 8-ին համատեղ ստորագրելով «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը, ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը և ընդունելով, որ չունեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Հարկ է նկատել նաև, որ առաջարկում նշված կետերն ամբողջությամբ չեն արտացոլում առկա խնդիրների ողջ օրակարգը։ Հայկական կողմի համար սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ համար ԼՂ հիմնախնդիրը տարածքային հարց չէ, այլ իրավունքների»,- ընդգծեց ԱԳ նախարարը` հիշեցնելով, որ հայկական կողմը պատասխանել է ադրբեջանական առաջարկին՝ համահունչ նշված դիրքորոշմանը։

Անդրադառնալով Բաքվի առաջարկների երկու այլ կետերին սահմանազատման և տարածաշրջանային ապաշրջափակման հարցերին` Միրզոյանը նշել է. «Մենք համարում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունները պետք է լիարժեք կյանքի կոչվեն, և մենք շարունակում ենք հետևողական լինել այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք, մենք նույնիսկ հանդես ենք եկել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համալիր առաջարկներով, ինչպես օրինակ զորքերի հայելային հետքաշմամբ և միջազգային մոնիթորինգի մեխանիզմի ներդրմամբ սահմանազատման գործընթացի մեկնարկի առաջարկը, որոնք սակայն ադրբեջանական կողմը մերժել է»։

Խոսելով խաղախության պայմանագրի շուրջ հնարավոր բանակցությունների մասին` Միրզոյանը հիշեցրել է, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: