հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիան ու Ադրբեջանը գյուղատնտեսական ծրագրեր կիրականացնեն Արցախի բռնազավթված տարածքներում

Թուրքիան ու Ադրբեջանը գյուղատնտեսական ծրագրեր կիրականացնեն Արցախի բռնազավթված տարածքներում

Պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառտնտեսության նախարար Վահիթ Քիրիշչին ներկա է գտնվել Բաքվում անցկացվող «Caspian Agro» գյուղատնտեսական ֆորումի բացմանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Քիրիշչին միջոցառման ավարտին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու անհրաժեշտության մասին:

Նա մասնավորապես ասել է. «Հայկական օկուպացիան ավարտվել է. այդ օկուպացիայի հետ կապված մեր բազմաթիվ եղբայրներ լքել են այդ շրրջանները: Մեր այդ եղբայրներին միայն «վերադարձեք ձեր հողերը» ասելը բավական չէ և իմաստ չունի։ Վերադառնալիս պետք է անպայման զբաղմունք լինի, որ կարողանան իրենց առօրյա կենսագործութնեությունը շարունակել: Այդպիսի տարածաշրջանում ամենաառաջատար զբաղմունքը գյուղատնտեսական գործունեությունն է»:

Այնուհետև ևս մեկ անգամ շեշտելով, որ Արցախ վերադարձող մարդիկ իրենց կարիքները հոգալու համար պետք է որևէ արտադրական գործունեություն իրականացնեն՝ ասել է. «Եղբայր ու բարեկամ Ադրբեջանի համապատասխան նախարարների ու նախարարությունների հետ իրականացվելիք նախագծեր ունենք: Այդ նախագծերն այստեղի գյուղատնտեսական ոլորտի վերակառուցման հետ են կապված»:

Քարիշչին հայտնել է, որ պետք է աշխատանքներ տարվեն գյուղատնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հողագործությունը՝ իր տարբեր ուղղություններով, անասնապահությունը՝ խոշոր, մանր եղջերավոր անասուններ, թռչնաբուծություն և այլն:

  • Կիսվել: