երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ․ Շարմազանով

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ․ Շարմազանով

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդրի լուծում չէ։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը իր ֆեյսբուքյան էջում։

«Վերջին շրջանում հաճախ եմ լսում «գնալու եմ երկրից» արտահայտությունը,որը կապված է խայտառակ կապիտուլյացիայի, Արցախի հայաթափման,թուրքական օրակարգով գործելու կապիտուլյանտների որոշման եւ ինչու չէ ընդդիմադիրներիս ոչ արդյունավետ գործելու հետ։

Չմեղադրելով նման կարծիք ունեցողներին՝այնուամենայնիվ համամիտ չեմ նրանց հետ։ Հայաստանն Արարչի կողմից մեզ տրված հայրենիքն է եւ մեր նպատակը որպես ազգ՝ ապրել ու արարելն է մեր հայրենիքում՝պաշտպանելով ու շենացնելով այն։

Պարտություններից հետո արտագաղթի ճամփան բռնելը նոր երեւույթ չէ ,այն եղել է միջնադարում եւ անշուշտ թուլացրել է մեր ազգային դիմադրողականությունը։

Մենք թուլացանք որպես ազգ,երբ 1021թ. Արծրունիները Վասպուրականի թագավորությունը հանձնեցին Բյուզանդիային ,իսկ Սենեքերիմ Արծրունին 14 հազար մարդկանց հետ գաղթեց Սեբաստիա։

Թուլացանք,երբ Անին հանձնեցինք և սփռվեցինք աշխարհով մեկ՝ Կիլիկիայից մինչեւ Կիեւյան Ռուսիա եւ Լեհաստան։

Դարեր անց մեզնից ոմանք փորձում են հերթական անգամ բախտ որոնել «օտար ամայի ճամփեքին»։

Այսօր էլ Արցախն են հանձնել թուրքին,հիմա ի՞նչ,պետք է հերթական անգամ լքե՞նք մեր հայրենիքը։

Հուսահատվելն ու հայրենիքից հեռանալը խնդիրներ լուծելու լավագույն ճանապարհ չէ։ Ավելին.փախուստ է խնդրից։ Իսկ խնդրի լուծումը հետեւյալն է.մնալ ,ապրել ,պայքարել Հայրենիքում։ Ապրել ու պայքարել հանուն Հայաստանի եւ Արցախի։ Թուրքերի ուզածն էլ դա է,որ հայը հիասթափվի ու լքի իր հայրենիքը։

Հեշտ է լինելու՞։ Իհարկե ՝ ոչ։ Բայց այլ ճանապարհ չկա։

Պետք է ապրել պետության գահավիժումը կանգնեցնելու ,հայրենիքը թուրքերին չհանձնելու եւ պետականության «փշրանքները» պահպանելու համար»,- գրել է նա։

  • Կիսվել: