Թուրքերի խնդիրը հայերը չեն, Հայաստանը ոչինչ անել չի կարող, ի՞նչ պետք է անի. Թուրքագետ
Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացված ռազմական ներխուժման հարցում Հայաստանը որևէ անելիք չունի, Primenews.am-ի հետ զրույցում մեկնաբանելով թուրքական իշխանությունների գործողությունները, ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը։
«Հայաստանը ոչինչ անել չի կարող, ի՞նչ պետք է անի։ Հիմնական հայ համայնքը Հալեպում է, Ղամըշլիում մի քանի հայեր կան, բայց թուրքերի խնդիրը հայերը չեն, քանի որ հայերն իրենցից վտանգ չեն ներկայացնում։ Անտեղի գնան կպնեն հայերին ի՞նչ անեն, աղմուկ պտի բարձրանա», -հավելեց թուրքագետը։
Արձագանքելով քաղաքագիտական որոշ շրջանակների հայտարարություններին, թե Հայաստանը պետք է կոշտ դիրքորոշմամբ հանդես գա Թուրքիայի գործողությունների վերաբերյալ, թուրքագետը նկատեց, որ այդ հարցում Հայաստանն անելիք չունի։
«Սա ռեալ-պոլիտիկ է, այստեղ այն քաղաքականությունն է գործում, որը տվյալ պետությունը վարում է՝ ելնելով երկրի տնտեսական, ռազմական հզորություններից և անպայման հաշվի է առնում միջազգային իրավիճակի առանձնահատկությունները։ Հիմա Հայաստանը ի՞նչ պետք է անի, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մրցակցում են միմյանց հետ, Թուրքիան արանքում շահում է, հետևաբար Հայաստանն ի՞նչ անի։ Նստում հիմար-հիմար խոսում են», -ասաց Չաքրյանը՝ նկատելով, որ Հայաստանում քաղաքագետ կոչվածները ոչ թե քննադատում են, այլ քաղաքականություն են պարտադրում իշխանություններին։
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողության անունն է «Խաղաղության գարուն»։ Այդ օպերացիայի նպատակն է «վերացնել Թուրքիայի հարավային սահմանին գտնվող ահաբեկչության միջանցքը, չեզոքացնել քուրդ զինյալներին և «Իսլամական պետության» ջոկատները, ստեղծել անվտանգության գոտի և ապահովել սիրիացի փախստականների վերադարձի պայմաններ»։
Այս նախաձեռնությունը պաշտպանել է Քաթարը, ԱՄՆ նախագահը հայտարարլ է, որ դա վատ գաղափար է, ԵՄ երկրները քննադատել են Թուրքիայի հարձակումը, իսկ պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ մտադիր չէ «ներքաշվել թուրք-սիրիական կոնֆլիկտի մեջ»։ Այսօր Թուրքիայի հարձակումը Սիրիայի տարածքի վրա դատապարտել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար: Այս ռազմական ներխուժումը ստեղծում է նաև ինքնության հիմքով մարդու իրավունքների ծանր և զանգվածային խախտումների անմիջական վտանգ», -ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։