չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Թշնամուն չեն խնդրում, նրան ծնկի են բերում. բա հո չե՞նք թողնելու, որ 120.000 մարդ մնա բլոկադայի մեջ, պետք է ամեն ինչի պատրաստ լինենք». Մելիքսեթ Պողոսյան

«Թշնամուն չեն խնդրում, նրան ծնկի են բերում. բա հո չե՞նք թողնելու, որ 120.000 մարդ մնա բլոկադայի մեջ, պետք է ամեն ինչի պատրաստ լինենք». Մելիքսեթ Պողոսյան

16-րդ օրն է՝ 120.000 արցախահայեր Ադրբեջանի կողմից գտնվում են շրջափակման մեջ՝ կտրված արտաքին աշխարհից։ Թեպետ արցախահայությունը չի ընկճվում, սակայն օրեցօր շրջափակված Արցախում խնդիրները շատանում են, այդ թվում՝ հարյուրավոր մարդիկ զրկված են Երևան տեղափոխվելու և անհապաղ բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

168.am-ի հետ զրույցում խոսելով Ադրբեջանի կողմից Բերձորի ճանապարհը փակելու և Հայաստանի կողմից անհրաժեշտ քայլեր իրականացնելու մասին, Սյունիքի նախկին մարզպետ, Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն ասաց՝ Ադրբեջանը միշտ էլ գնալու է նման քայլերի, հայությունը պետք է միասնական ու հզոր լինի, որպեսզի ցանկացած ոտնձգության կարողանա դիմակայել։

«1990-ականներին ամեն ինչ արեցինք, տարբերակներ կային, ջակատներ ունեինք, թասիբի ենք ընկել, արհեստավոր ու ոչ արհեստավոր միացել ու հաղթել ենք։ Այն ժամանակ էլ է այդպես եղել։ Հիմա ազգը պետք է բանակ դառնա, միասնական լինենք, կանգնենք բանակի կողքին՝ փառքով ու պատվով կատարենք մեր առաքելությունը։ Սա է խնդիրը, հայ մնալ-չմնալու, ապրել-չապրելու հարց է։ Բա հո չե՞նք թողնելու, որ 120 հազար մարդ մնա բլոկադայի մեջ, պետք է ամեն ինչի պատրաստ լինենք, մենք չենք կարող 120 հազար մարդու թողնել բախտի քմահաճույքին:

Թշնամուն չեն խնդրում, նրան ծնկի են բերում։ Խաղաղությունը պետք է ճիշտ պլանավորենք, որպեսզի բոլոր համայնքներում պատրաստ ու պատրաստակամ լինեն՝ Արցախին աջակցելու համար։ Ես այլ ձև չեմ տեսնում»,- նշեց Մելիքսեթ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4-ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մեկ հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը մահացել է։

  • Կիսվել: