Մենք էլ 35 տարի ենք մնացել իրենց տարածքներում. Սյունիքի նախկին մարզպետը՝ ադրբեջանցիների՝ ՀՀ տարածքից դուրս չգալու մասին
Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անդրադարձավ հարցին, թե ինչու պահանջ չի դրվում, որ ադրբեջանական կողմը դուրս գա ՀՀ այն տարածքներից, որտեղ հայտնվել է, օրինակ` Սև լճից:
Ի պատասխան՝ Պողոսյանը նշեց. ՛՛Մենք էլ 35 տարի ենք մնացել իրենց տարածքներում: Եթե հակառակորդն այս պահին հզոր է եղել, մի հաջողության հասել է, դրանով չի կարող ինչ-որ բան որոշվել: Խնդիրն այն է, որ ժամանակը գա, ժամանակը կասի, ազգային գաղափարախոսություն պիտի լինի, միասնական պիտի լինենք: Դարեր շարունակ, երբ միասնական ենք եղել, հաջողության հասել ենք, երբ պառակտվել ենք, հակառակորդը մեզ միշտ կոտորել է՛՛:
Նախկին մարզպետը նաև հավելեց. ՛՛Մենք մեր դեմքը ոչ փոխել ենք, ոչ էլ կփոխենք, ինձ համար Սպարապետը Հայաստան է, վե՛րջ: Մենք իր շիրիմին խոնարհվում ենք, մեր դեմքը չենք փոխել ու այսօր պատրաստ ենք կռվելու՛՛:
Նշենք, որ այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 66 տարեկան: ՛՛Եռաբլուր՛՛ զինվորական պանթեոն են այցելել ԵԿՄ ներկայացուցիչներ, քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ: