ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ծերեթելիի փողոցում մի բուդկա դրեք, անվանակոչեք Անի Խաչատրյանի անունով. Աղեկյան

Ծերեթելիի փողոցում մի բուդկա դրեք, անվանակոչեք Անի Խաչատրյանի անունով. Աղեկյան

Ավագանու անդամին մանդատից զրկելն աննախադեպ երևույթ է. Ես այլ քաղաքապետերի օրոք եղել եմ ավագանու անդամ՝ կոշտ ու արմատական ընդդիմություն։ Մենք ընդհարումներ, դատական գործընթացներ ունեցել ենք, բայց նրանից որևէ մեկի մտքով չի անցել ինձ, իմ ընկերներին զրկել մանդատից, ինչ է՝ իրենց ուզածով չենք շարժվել կամ քննադատել ենք։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։ Այսօր նրա լիազորությունները ևս վաղաժամ դադարեցվեցին։

Սոնա Աղեկյանն ավագանու անդամին մանդատից զրկելը համարում է թույլ ու վախկոտ իշխանության քայլ։ Նրա խոսքով՝ երևանցին ՔՊ-ին իշխանության քվե չի տվել և եթե իշխանությունը «վախկոտ չլիներ», ոչ թե ավագանու անդամներին մանդատից կզրկեր, այլ կգնար նոր ընտրությունների։

«Մինչդեռ գերադասեցին ժողովրդի թիկունքում գործարքի գնալ և բառիս փոխաբերական իմաստով՝ շնանալ։ Խմբակցություններից մեկի տերը բաց տեստով հայտարարեց, որ իր թիմակիցներին ճնշում են, կանխիկ գումարով գնում են։ Որեւէ մեկն իշխանությունից չհերքեց սա։ Եվ քար լռություն է»,- հայտարարեց Սոնա Աղեկյանը։ Նա նշեց, որ առանց մանդատ էլ է աշխատելու, պաշտապնելու է երևանցու շահերն ու իրավունքը։

Աղեկյանը հայտարարեց, որ ունի ավագանու որոշման նախագիծ, սակայն չի կարող այն այլևս ներկայացնել։ Դիմելով ՔՊ խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին՝ առաջարկեց, որ այն իրականացնի։ «Ծերեթելիի փողոցն այս պահին անվանակոչության կարիք ունի։ Մեր թշնամի պետությանը ծառայություններ մատուցելու համար, ՔՊԿ-ին անձնական ծառայություններ մատուցելու համար, Ծերեթելու փողոցը, իսկ եթե կդժվարանաք, ապա փողոցի մի հատվածում գոնե մի բուդկա կարելի է դնել՝ Անի Խաչատրյանի ծառայությունների համար»,- նշեց Սոնա Աղեկյանը։ «Խոստանում եմ, ձեր գիշերային զգեստափոխության համար բուդկա կդնենք»,- տեղից արձագանքեց Անի Խաչատրյանը։ Նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ։ ՔՊ խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանն առաջարկեց լռեցնել Անի Խաչատրյանին։ «Պարոն Երիցյան, էս ձեր ցուցումներ տալու ցանկությունը ․․․Ես անդրադարձ չունեցա Սոնա Աղեկյանի բավական գռեհիկ ելույթին»,- նշեց Տիգրան Ավինյանը։ «Շատ գռեհիկ էր՝ համաձայն եմ, բայց դա իրավունք չի վերապահում տեղից խոսելու»,- արձագանքեց Գրիգորի Երիցյանը։

  • Կիսվել: