Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք կազմակերպելու մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա նստաշրջանի և քաղաքական աշնան մեկնարկին ընդառաջ հանդիպումների շարք է սկսել կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ:
ԲՀԿ առաջնորդն իր կուսակցության ներկայացուցիչներին հանձնարարել է հանդիպումներ ունենալ ժողովրդի հետ, լսել նրանց խնդիրները, հուզող հարցերը, և այսօր պատրաստ է այդ հարցերին պատասխանել, իսկ խորհրդարանի առաջին նիստին՝ բարձրաձայնել այդ հարցերը և լուծումներ ներկայացնել:
«Դուք գիտեք, որևէ խնդիր, պրոբլեմ չկա, որ լուծում չունենա, անհրաժեշտ է լիարժեք տիրապետել դրանց և լուծումներ տալ: Ես տիրապետում եմ, գիտեմ, ոչ թե ամպագոռգոռ բառեր են, այլ իրականությունը գիտեմ»,- ասել է Ծառուկյանը։
Ի թիվս այլ հարցերի նա նշել է, որ հասարակության 90 տոկոսը դեմ է կրթական փոփոխություններին.
«Մենք հայ քրիստոնյա ազգ ենք, դա մեր մեծությունն է: Ժողովրդի 90-95 տոկոսի համար այդ ծրագիրն անընդունելի է: Մենք ստորագրահավաք ենք անելու, մեծ հանրահավաք ենք կազմակերպելու: Մենք չենք կարող թույլ տանք, որ եկեղեցու դասընթացները հանվեն, սեռական դասընթացներ անցկացվեն, հայ գրականությունը հանվի, հայոց պատմությունը հանվի: Հայաստանը դրան չի գնա, ժողովուրդը դա թույլ չի տա»,- ասել է նա:


