հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ծառուկյանը չի ներում Հովիկ Աբրահամյանին, որը  «Հայաստան» դաշինքին էր աջակցում. «Հրապարակ»

Ծառուկյանը չի ներում Հովիկ Աբրահամյանին, որը «Հայաստան» դաշինքին էր աջակցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակության շրջանում պառակտումն այնպիսի չափերի է հասել, որ անգամ հին, համերաշխ տոհմերն են ճաք տվել, քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել:

Ամենանշանավոր կոնֆլիկտը Ավշարի սեփականատերերի` Գրիգորյան եղբայրների կոնֆլիկտն է: Եղբայրներից մեկը` Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը, բացահայտորեն աջակցեց Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին, իսկ Արայիկ Գրիգորյանը ՀՀԿ-ի «Պատիվ ունեմ» դաշինքի համար էր աշխատում: Թեև երկուսն էլ ընդդիմությանն էին պաշտպանում, բայց եղբայրները միմյանցից նեղացել են. Արայիկ Գրիգորյանը չի ներում, որ եղբայրն իր կողքին չի կանգնել, և մինչ օրս նրանց հարաբերությունները չեն հարթվել:

Մեկ այլ նշանավոր ընտանիքում, որտեղ նույնպես ընտանեկան լուրջ ավանդույթներ են ձևավորվել` տասնյակ տարիներ նրանք իրար են սատարել, ընտրությունների պատճառով տարաձայնություններ են առաջացել և մինչ օրս չեն հարթվել. Գագիկ Ծառուկյանը չի ներում խնամուն` Հովիկ Աբրահամյանին, որը ԲՀԿ-ին աջակցելու փոխարեն «Հայաստան» դաշինքին էր աջակցում: Նման ընտանիքներում ընդունված է, որ եղբայրը, որդին, խնամին, փեսան, հարսը քաղաքական սխալներ պետք է թույլ չտան` այլ քաղաքական ուժի չաջակցեն»։

  • Կիսվել: