ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծառուկյանին վերաբերվող փաստաթղթերը գտել են Վերմիշյանի մոտ խուզարկության ժամանակ. Միրզոյան

Ծառուկյանին վերաբերվող փաստաթղթերը գտել են Վերմիշյանի մոտ խուզարկության ժամանակ. Միրզոյան

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի -ամանակ անդրադռնալով այն հարցին, թե ԱԱԾ-ն ինչու էր եկել ԱԺ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերման ենթարկելու այն դեպքում, երբ Ծառուկյանն անձամբ է պատրաստակամություն հայտնել ներկայանալ, Միրզոյանը նախ ասաց՝ քանի դեռ այդ ժամանակ չկար ԱԺ-ի որոշումը, Ծառուկյանին որևէ մեկը չէր կարող բերման ենթարկել։

«Իմ տեղեկությունով Գագիկ Ծառուկյանը մոտեցել է ԱԱԾ աշխատակցիներին և ասել, որ ուզում է գնալ ԱԱԾ՝ ըստ երևությին, երեկ իրենց սկսած զրույցը շարունակելու համար»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու էին եկել ԱԱԾ աշխատակիցները, Արարատ Միրզոյանն ասաց, որ միգուցե ԱԱԾ-ն ունեցել է որոշակի օպերատիվ տվյալներ։

«Փաստն այն է, որ պարոն Ծառուկյանն ինքն իր կամքով դուրս է եկել դահլիճից, ինքն է մոտեցել ԱԱԾ աշխատակիցներին և ցանկություն հայտնել գնալու այնտեղ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հայտարարություններին, որ շարունակելու են իրենց պայքարը, Արարատ Միրզոյանը նշեց, որ ցանկացած դատական գործընթացի պարագայում, և Գագիկ Ծառուկյանը, և նրա կողմնակիցերը իրավունք ունեն պայքարել ցանկացած անձի ազատության համար, ինչպես դա թույլ է տալիս օրենսդրությունը:

«Դրանք և փաստաբաններն են, և գուցե աջակիցների խումբ կա, որ հավատացած են նրա անմեղությանը և անհրաժեշտ են համարում պայքարել։ Հայաստանը ժողովրդավար երկիր է, և չի կարող սահմանափակվել ազատ արտահայտվելու իրավունքը։ Անշուշտ այստեղ կա համավարակի գործոնը և այս արտակարգ դրությունը որոշակի շտկումներ է մտցնելու բոլոր քաղաքացիների վարքում: Մենք չենք կարող այդ սահմանափակումներն անտեսել»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Հարցին՝ 2017թ -ին, բացի ԲՀԿ-ից որևէ այլ կուսակցություն կաշառք չի բաժանե՞լ,  Արարատ Միրզոյանն ասաց, որ քրեական գործերը հարուցվում են փաստի առթիվ։

«Ձեր հարցը, թերևս, ուղղված է իրավապահներին: Ինչպես գլխավոր դատախազն ասաց՝ այդպիսի քրեական գործ կարող է հարուցվել փաստի առթիվ, անկախ նրանից, թե դա որ քաղաքական ուժին է վերաբերում: Ենթադրում եմ, որ եթե Դուք ակնարկում եք ՀՀԿ-ին, վաղը դա կարող է վերաբերել այլ քաղաքական ուժի, «Իմ քայլին» էլ կարող է վերաբերվի այդպիսի դեպք, այդ դեպքում էլ կլինի համապատասխան վերաբերմունք «Իմ քայլի» ներկայացուցչի նկատմամբ»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Դիտարկմանը՝ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հենց հիմա առաջացավ քրեական հետապնդում իրականացնելու անհրաժեշտություն, Արարատ Միրզոյանն ասաց՝ գնացել են, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի մոտ, այլ անձի գործով խուզարկություն են արել և գտել են թղթեր, որոնք վերաբերվել են Գագիկ Ծառուկյանին. «Հիմա Վերմիշյանի մոտ կլինեին թղթեր, որոնք ինձ կվերաբերին՝ իմ հետևից կգային»։

  • Կիսվել: