շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ծանր էր լսել մեղադրանքները, որ փոխանակ երկիր փրկելու, իրար կոկորդ ենք կրծում․ Թագուհի Թովմասյանը՝ Արցախ կատարած այցի մասին

Ծանր էր լսել մեղադրանքները, որ փոխանակ երկիր փրկելու, իրար կոկորդ ենք կրծում․ Թագուհի Թովմասյանը՝ Արցախ կատարած այցի մասին

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Արցախը սեր է, ինչքան էլ խոսենք, էլի ասելու բան կմնա։
Ինչ խոսք, Արցախ կատարած այս անգամվա այցս ամենածանրերից էր, անտանելի էր հեռվից նայել Շուշիին, երբ թվում է՝ ձեռքդ մեկնես, կհասնես, բայց մեջտեղում թշնամին է, ծանր էր տեսնել արցախցուն ընկճված, անորոշության մեջ, ծանր էր լսել իրենց շնորհակալությունները, որ գնացել եմ։ Ե՞րբ սկսեց Արցախ գնալը հերոսություն դառնալ։ Ծանր էր լսել մեղադրանքները, որ փոխանակ երկիր փրկելու, համազգային օրակարգ ստեղծելու, իրար կոկորդ ենք կրծում, մինչդեռ փոթորիկը բոլորիս է քշելու, իսկ արցախցին լուռ, հողին կպած, գլխիկոր շարունակում է ապրելով պայքարել, մեզ համար՝ հերոսություն, իրենց համար՝ առօրյա։

Այցիս նպատակը փաստահավաք աշխատանքն էր, արցախահայության խնդիրները արձանագրել ու վերադառնալուն պես թե՛ Հայաստանի իրավասու մարմիններում, թե՛ միջազգային կառույցներում այդ խնդիրները բարձրաձայնել և լուծման տարբերակներ գտնել։
Թե՛ պաշտոնական հանդիպումներին, թե՛ սահմանամերձ համայնքներ կատարած այցերիս ժամանակ, թե՛ Ստեփանակերտում և այլ քաղաքներում մարդկանց հետ շփվելիս ահազանգերը նույնական էին՝ լոկալ պատերազմներ, լայնածավալ պատերազմի օդում կախված վտանգ, հումանիտար ճգնաժամ, սոցիալական խնդիրներ և մեծ անորոշություն։
Մեր թիմի հետ արձանագրել ենք բոլոր խնդիրները՝ սկսած անվտանգայինից մինչև անհատական սոցիալական խնդիրներ։

  • Կիսվել: