ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տպավորություն է, որ այս ամենը կատարվում է Կառավարության թույլտվությամբ և համաձայնությամբ. բնապահպանը՝ Ամուլսարի երեկվա միջադեպի վեաբերյալ

Տպավորություն է, որ այս ամենը կատարվում է Կառավարության թույլտվությամբ և համաձայնությամբ. բնապահպանը՝ Ամուլսարի երեկվա միջադեպի վեաբերյալ

Ջերմուկի բնակիչ, բնապահպան Շիրակ Բունիաթյանը երեկ իր ֆեյսբուքյան էջով տեսանյութի միջոցով տեղեկացրել էր, որ ժամը 22:00-ին բախումներ են տեղի ունեցել Ամուլսարի հանք տանող երկրորդ պահակակետի մոտ:

Պատճառն ՝ արդեն երկու օր հանքի ներսում գտնվող 6 բանվորներն են, որոնք չնայած բնակիչների պահանջների՝ դուրս չեն գալիս:

Tert. am-ի հետ զրույցում բնապահպան Շիրակ Բունիաթյանը նշեց, որ ներսում գտնվող բանվորները սկզբում պատճառաբանել են, որ վախենում են դուրս  գալ, սակայն նրանց պատճառաբանությունը անհասկանալի էր, քանի որ դրսում բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված.

«Իրավիճակը մի պահ լարված էր, բնակիչները շատ էին զայրացել, բայց այս պահին հանգիստ է: Նույնիսկ բերման ենթարկվածներ եղան, մոտ 8- 10 հոգի Ջերմուկի բնակիչ բերման ենթարկվեցին: Տեղեկություն չունենք ներսի բանվորները դուրս եկան, թե ոչ: Ոստիկանները ասում էին, որ չունեն իրավասություն իրենց ասելու, որ դուրս գան, իրենք գտնվում են մասնավոր կազմակերպության տարածքում ՝ իրենց իսկ թույլտվությամբ, բնակիչներն էլ իրենց պահանջը առաջ քաշեցին, որն էլ առաջացրեց երեկվա միջադեպը:

Արդեն երկու օր է այդ  բանվորները ներսում են, մենք փորձել ենք մի քանի տարբերակով համոզել, որ մենք իրենց դեմ բան չունենք, որ իրենք զենք են դարձել, ոմանց ձեռքին՝ սադրելու համար: Մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ այդ 6 հոգին, ո՛չ կարող են այնտեղ հանք բացել, ո՛չ էլ մեծ ծավալով շինարարություն անել»,-նշեց նա:

Շիրակ Բունիաթյանի համոզմամբ՝ բանվորների ներսում գտնվելը միտումնավոր է արվում, որպեսզի նման միջադեպեր առաջանան.

«Նրանք այնտեղ են  սադրանքի համար, սա առաջին դեպքը չէ, վերջին մեկ ամսում բազմիցս տեսել ենք պահնորդների սադրիչ պահվածքը, մի անգամ էլ կապալառու էր եկել, որը փորձում էր շինարարական գործեր աներ: Վերջին  մեկ ամսվա ընթացքում տանում են լարված իրավիճակի՝ ազդելով խաղալ բնակչության նյարդերի վրա:

Փորձում են այնպես անել, որ մարդիկ հունից դուրս գան, որպեսզի իրավական հիմք լինի լուրջ գործողություններ անելու համար: Սակայն, սխալվում են, մարդիկ, որոնք երկու տարի այս պայքարի մեջ են, գիտեն, որ իրենց նյարդերը պետք է խնայեն, ու տեղի չտան լուրջ գործողությունների: Իմ կարծիքով Կառավարության լուռ թողտվությամբ Ամուլսարի հարցում արյունահեղութուն է զարգանում և իրենք չեն էլ փորձում կանխել: Բնակիչները ինչքա՞ն կարող են վերահսկել իրենց էմոցիաները»,- ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նշում է՝ թեև վարչապետը վերջին այցի ժամանակ, հրապարակայնորեն խոստացել  է, որ մինչև 2021 թվականի աշունը, Ամուլսարի տարածքում ոչ մի շինարարական աշխատանք տեղի չի  ունենալու, սակայն վերջին շրջանում Ամուլսարի մոտ տեղի ունեցող աշխուժությունն անհանգստացնող է.

«Հիմա բնակիչները ասում են՝ այս ի՞նչ է կատարվում երկրի վարչապետը մի քանի անգամ հրապարակավ խոստացել է և հիմա մենք տեսնում ենք մանր- մունր շարժեր, որը Կառավարության կողմից, ոչ մի գնահատականի չի արժանանում: Տպավորություն է, որ այդ ամեն ինչը կատարվում է իրենց թույլտվությամբ և համաձայնությամբ:

Մեկ ամիս է լարված վիճակ է, Երևանից և տարբեր մարզերից մարդիկ ուզում են միանան մեզ, սակայն մենք ասում ենք, որ հիմա այդ պահը չէ, բայց ինչքան հասկանում ենք, խելամիտ հայության կարիքն է լինելու, որ հավաքվեն այստեղ, և Կառավարությանը վերջնական պահանջ ներկայացնենք, որպեսզի այս հարցին վերջնական լուծում տա:

Ծիծաղելի է հետհեղափոխական Հայաստանում մարդիկ երկուսուկես տարի իրենց իրավունքների համար պայքարում են: Պետք է երկրի կենտրոնում պոստեր պահե՞ն, որ իրենց երեխաները ապրեն մաքուր միջավայրում, բա ինչի՞ մասին էր այս հեղափոխությունը, եթե հների բերած օվշորային ծրագրերը շարունակելու են անխափան երկրում գործել»:

Շիրակ Բունիաթյանը նաև նշեց, որ չնայած կորոնավիրուսով պայմանավորված տուրիզմը վնասներ է կրում, սակայն նունիսկ այս պայմաններում Ջերմուկ քաղաքն ունի աննախադեպ քանակի զբոսաշրջիկներ:

  • Կիսվել: