հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թովմասյանին մեկնաբանելն անշնորհակալ գործ է, նա ձանձրացրել է հանրությանը. Սիմոնյան

Թովմասյանին մեկնաբանելն անշնորհակալ գործ է, նա ձանձրացրել է հանրությանը. Սիմոնյան

Այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության վարչության ընդլայնված նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ իշխանությունների հետ պայմանավորվածության արդյունքում Երվանդ Խունդկարյանի՝ ՍԴ նախագահ առաջադրվելու մասին լուրերին:

Նա ասաց, որ նման պայմանավորվածությունից տեղյակ չէ եւ չի էլ կարծում, թե նման պայմանավորվածություն է եղել։

Սիմոնյանն անդրադարձավ Հրայր Թովմասյանի ճեպազրույցին, որտեղ նա խոսել է նորընտիր դատավորների լեգիտիմության հարցի մասին: Այս առնչությամբ Սիմոնյանն ասաց. ՛՛Ես տեսա Թովմասյանի ճեպազրույցը, որտեղ նա ասում էր, թե նորընտիր դատավորների լեգիտիմության հետ կապված խնդիրներ է տեսնում։

Ընդհանրացնելով պարոն Թովմասյանի հարցազրույցը՝ կարող եմ ասել, որ ինքը լեգիտիմության պակաս չէր տեսնում Սերժ Սարգսյանի պարագայում, չէր տեսնում նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ինքն ընտրվում էր ԱԺ պատգամավոր, ուստի նրան մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետեւ նա շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է, որը, եթե, չեմ ուզում այդ բառն օգտագործել․․․ Ճիշտ կլիներ, որ նա հրաժարական տար ու հեռանար, որովհետեւ նրա կերպարը ձանձրացրել է ոչ միայն քաղաքական դաշտում, այլեւ հանրությանը՛՛։

ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք Երվանդ Խունդկարյանի ընտրությունը կբավարարի՞ ՍԴ-ի մասին իշխանության պատկերացումներին:

Ի պատասխան՝ նա մեջբերում արեց վարչապետ Փաշինյանից, թե արդյոք սա իրենց երազա՞ծ ՍԴ-ն է, իհարկե, ոչ:

Ըստ Սիմոնյանի, սակայն, պետք է հաշվի առնել մի շարք գործոններ, եւ հասկանալ, որ հնարավոր չէ բավարարել բոլոր շահագրգիռ կողմերին եւ պետք է նայել պետականության շահերի տեսանկյունից։

Սիմոնյանն ասաց. ՛՛Կարծում եմ, որ այն որոշումը, որը բուռն քննարկումից հետո կայացրել է ԱԺ-ն, պետք է ընդունել ի գիտություն՛՛:

  • Կիսվել: