Թոշակ բարձրացնելն ընտրակաշառք չի, քանի որ բոլոր թոշակառուների հետ չեն պայմանավորվել, որ ՔՊ–ին պետք է ընտրեն. Իոաննիսյան
Ենթադրենք ՔՊ–ական նախարարը պարգևավճար ստացավ, որ պարգևավճար չստանար չէր ընտրելո՞ւ ՔՊ–ին։ Այս մասին, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով պնդումներին, որ իշխանությունները պարգևավճարի տեսքով ընտրակաշառք են բաժանում։
«Ընտրակաշառքը քվեի պայմանավորվածության դիմաց տրվող ինչ–որ գումար է կամ ծառայություն, արտոնություն, կամ դրա խոստումը։ Կարող է լինել նաև բյուջեի հաշվին ընտրակաշառք։ Եթե վաղը կառավարությունը որոշի, որ, օրինակ, բոլոր այն ընտրողներին, որոնք խոստանում են ՔՊ–ին ընտրել, կառավարությունը տալիս է, ասենք, հազար դրամ, դա ընտրակաշառք կլինի։
Իսկ թոշակառուների թոշակը բարձրացնելը ընտրակաշառք չի, որովհետեւ այդ թոշակառուների հետ կա՞ պայմանավորվածություն, որ նրանք ՔՊ–ին են ընտրելու։ Չկա այդպիսի պայմանավորվածություն։
Ընտրակաշառքը և ընտրակաշառքի խոստումը լրիվ նույնական արարքներ են։ Հիմա եթե ես խոստանում եմ, որ ընտրվելու դեպքում թոշակները կբարձրացնեմ, իսկ դուք էլ իշխանություն եք և դեռ չընտրված թոշակները բարձրացնում եք, սրանք համանման արարքներ են, և այս արարքներից ոչ մեկը հանցագործություն չէ։ Այս արարքները կարող ենք բնութագրել որպես պոպուլիզմ, կարող ենք բնութագրել որպես օրենսդրական բացից օգտվել։ Օրինակ, Բրիտանիայում արգելված է ընտրություններից առաջ սոցիալական ծրագրերն ավելացնել։ Հայաստանում արգելված չէ, քաղաքական ուժերն էլ դրանից օգտվում են»,–ասաց նա։


