հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թող վեթինգը սկսեն իրենցից․ Գևորգ Պետրոսյան

Թող վեթինգը սկսեն իրենցից․ Գևորգ Պետրոսյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ դատավորներից առաջ, Հայաստանի իշխանությունն առաջին հերթին ինքն իրեն պետք է վեթինգի ենթարկի։

«Թող վեթինգն սկսեն իրենցից և հետո միայն իջնեն դատական համակարգ», -ասաց Պետրոսյանը։

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, թե այս փուլում Հայաստանում վեթինգ չի կարող լինել, Պետրոսյանն ասաց․

«Այդ վեթինգը արհեստածին երևույթ է մեզանում, դրա համար էլ չի կայանում։ Այդ գործընթացի համար անհրաժեշտ են Սահմանադրական փոփոխություններ, Դատական օրենսգրքի փոփոխություններ կամ գուցե նոր դատական օրենսգիրք։ Դրա համար ծիլեր չի տալիս այդ սերմը»։

Ինչ վերաբերում է դատավորների աշխատավարձերի բարձրացմանը, որի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ քննարկման ժամանակ, Գևորգ Պետրոսյանն ասաց, որ նրանք այսօր ամենածանրաբեռնվածն են աշխատում և բնականաբար պետք է բարձր վարձատրվեն։

«Եթե համեմատենք դատավորի աշխատանքը նախարարի աշխատանքի հետ, ուղղակի անհամեմատելի են, բայց նախարարները իրենց կաբինետում փակված ստանում են մեծ աշխատավարձ, դեռ մի բան էլ՝ պարգևավճար։ Դատավորներ կան, որոնց վարույթում հարյուրավոր գործեր կան, հետևաբար նախարարների ու դատավորների աշխատանքը անհամեմատելի է։ Բայց իհարկե, դատավորների աշխատավարձերի բարձրացումը զուտ ցանկությունների խնդիր չէ, դրա համար պետք է նաև բյուջեն հնարավորություններ ունենա», -ասաց Պետրոսյանը։

  • Կիսվել: