Թող իր երեխային տա, փոխարենը 20-25 ռազմագերի բերի, տեսնեմ` դրանից հետո այդպես կխոսի՞. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
1994 թվականից հետո մենք չենք ունեցել գերիներ և ադրբեջանցիները ռիսկ չունեին դա անելու։ Այս մասին հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով երեկ հայ գերիների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին։
Սարգսյանը նշել է՝ Փաշինյանն այնքան է լկտիացել, որ իրեն շատ բան է ներվել, դա էլ է ներվելու․
«Ես չեմ ասում հրաձգություն չի եղել, ես չեմ ասում նրանք չեն փորձել դիվերսիա անել, այդ ամենը եղել է, բայց գերինե՞ր։
Դա խիղճ ունի՞։ Նա չի հասկանո՞ւմ այդ մարդիկ ինչի մեջով են անցել, չի հասկանո՞ւմ, որ այդ մարդիկ ամեն օր մտածում են, թե իրենց երբ են բռնաբարելու, սպանելու, խոշտանգելու։
Ո՞նց կարող է այդպիսի բան լինել։ Նա հասկանո՞ւմ է, թե այդ մարդիկ ինչ վիճակում են։ Պետք է թքես այդպիսի ղեկավարի վրա։ Թող իր երեխան տանի տա, տեղը 20-25 ռազմագերի բերի, տեսնեմ՝ դրանից հետո այդպես կխոսի՞ ռազմագերիների մասին»։
Նշենք, նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Արմավիր գյուղ նախընտրական այցի ժամանակ անդրադարձավ գերիների խնդրին.
«Դուք պիտի գիտակցեք, որ գերիների հարցն այսօր ուզում են մեր պետության ու ժողովրդի դեմ օգտագործել՝ անհամաչափ զիջումներ պարտադրելու համար: Այո, այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության համար, Հայաստանի ինքնիշխանության համար։ Եվ, այո, նրանք մեզ կներեն՝ մի ամիս, երկու ամիս ավելի գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների մեզ, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը եւ ինքնիշխանությունը»։



