ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք․ այն, ինչ ՀՀ վարչապետը ներկայացնում էր հանրությանը, մեկից մեկ կրկնություն է Ադրբեջանի հիմնավորումների․ Աշոտ Ղուլյան

Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք․ այն, ինչ ՀՀ վարչապետը ներկայացնում էր հանրությանը, մեկից մեկ կրկնություն է Ադրբեջանի հիմնավորումների․ Աշոտ Ղուլյան

Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է վարչապետի Նիկոլ Փաշինյանի օրերս կայացած ասուլիսին։ Գրառման մեջ ասվում է․

«Ձգտում եմ քիչ անդրադառնալ Արցախի շուրջ ծավալվող զարգացումներին, որի պատճառներից մեկն էլ հայկական երկու հանրապետություններում փաստացի գործող իշխանությունների հանդեպ առկա անվստահությունը չխորացնելու միամիտ ցանկությունս էր… միամիտ, որովհետև որևէ նշույլ չկա, որ բարձր հարկերում բազմածները ձգտում են հավաքել և իրար կպցնել այդ վստահություն կոչվածի փշրված կտորները: Համենայնդեպս Երևանում, դեպի ուր հառնված են հազարավոր արցախցիների հույս փնտրող հայացքները, վիճակն աղետալի է…

Երեկվանից մի միտք է ինձ տանջում. հայկական իրականության մեջ կա՞ գոնե մեկը, որ կարող է հիշեցնել 1988 թվականից հետո որևէ մեկ ադրբեջանցու (էլ չեմ ասում այդ երկրի իշխանավորի), որ այդքան համարձակություն կունենար իր ազգային լսարանի առջև խոսել հայերի (էլ չեմ ասում իր օրինական իրավունքների համար պայքարող Արցախի ժողովրդի) իրավունքների մասին:

Այն, ինչ 37 րոպե շարունակ, համարյա 37թ. ոճով, Հայաստանի գործող վարչապետը ներկայացնում էր մեր հանրությանը, մեկից մեկ կրկնություն է Ադրբեջանի հիմնավորումների` իր քաղաքացիների իրավունքները բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պաշտպանելու հնարքներով: Անհնար էր չնկատել, որ մի պահ նույնիսկ Հ1-ի «պարապած» թղթակիցն էր ապշած նայում, թե ինչ է պատասխանում Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին իր տված հարցերին:

Եթե որևէ մեկը կարող է բացահայտել 2016թ. ապրիլյան քառօրյայի «մարտով հետախուզության» իմաստը, դրանից չորս տարի հետո «իսկական մարտ» սկսելու ռազմարվեստի և «բանակցային աղետից» հետո Ադրբեջանի ակտիվ զինվելով պատերազմի նախապատրաստվելու տրամաբանությունը՝ պատրաստ եմ ընդունել «նոր ու հանճարեղ» քաղաքագիտական տերմինալոգիային չտիրապետելս: Բայց այս պահին միայն մի եզրակացություն է թակում մեր դուռը. «Տխուր է մեր վիճակը, պարոնա՛յք»:

Սեփական անճարակությունը հռետորական աճպարարությամբ քողարկելը որևէ լավ բանի չի հանգեցնելու»:

Հիշեցենք՝  դեկտեմբերի 27-ին Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է լինելու, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ արցախյան հիմնահարցի վերաբերյալ հնչեցրած թեզերը։

Այս առնչությամբ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

« Արցախի ներքաղաքական գործընթացները նոր հանգրվանային փուլում են։

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ապագայի ու բանակցային պրոցեսի մասին հնչեցրած վերջին հայտարարությունները պատահական չէին և տեղավորվում են նրա քաղաքական գլխավոր գծի հետ։

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու Արցախի ուղղությամբ աշխատող քաղաքական գործակալները ակտիվացրել են Արցախից վերջնական հրաժարվելու և մեր հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողելու վաղուց պլանավորված պլանները։

Արցախում կան ուժեր, անհատներ, որոնք բնականաբար դիմադրում են Արցախի օտարման գործընթացին ու պատրաստ են մինչև վերջ կռիվ տալու, իսկ թե ովքեր են մինչև վերջ կանգնելու և ոչ ասելու թուրք-ադրբեջանական շահերի սպասարկմանը կերևա առաջիկա օրերին։

Երկուշաբթի Արցախի խորհրդարանում արտահերթ նիստ է սպասվում, որտեղ Արցախի դեմ սկսված այս գործընթացի վերաբերյալ ամենայն հավանականությամբ հայտարարություն կընդունվի։

Բացի տեքստի բովանդակությունից շատ կարևոր է հասկանալ, թե ովքեր կմիանան Արցախի ադրբեջանացումը մերժող գործընթացին և ինչ ուղերձներ կհղեն Հայաստանի իշխանությանն ու միջազգային հանրությանը։

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այս գաղափարի համար պայքարը պետք է միավորի Արցախի ու Հայաստանի բոլոր առողջ ուժերին»։

  • Կիսվել: