ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՏԿԵ նախարարը և գերմանական KFW-ի ներկայացուցիչները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման հարցը

ՏԿԵ նախարարը և գերմանական KFW-ի ներկայացուցիչները քննարկել են Կապսի ջրամբարի կառուցման հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Օլաֆ Ցիմելկայի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը, գործընկերներ Տարածքային զարգացման հիմնադրամից և այլոք։
Նախարարը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի զարգացման բանկի միջև առկա համագործակցությունը և հույս հայտնել, որ նախկինում նախարարության հետ եղած լավ համագործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի և կյանքի կկոչվեն համատեղ ծրագրերը։

Օլաֆ Ցիմելկան նախ շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ առաջիկայում լավ համագործակցություն է սպասվում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են KFW-ի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ժամկետները։ Առավել կարևորվել է Կապսի ջրամբարի կառուցումը, որը կառավարության համար առաջնահերթություն է։

Օլաֆ Ցիմելկան կարևորել է ղեկավար հանձնաժողովի այս հանդիպումները, քննարկումները՝ համատեղ ծրագրերը սահմանված ժամկետներում ու որակյալ առաջ տանելու համար։

Զրույցի վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել դեկտեմբեր ամսին՝ ամփոփելու այս ամիսներին տարբեր ծրագրերի մասով իրականացված աշխատանքները։

  • Կիսվել: