կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Թինի Քոկսի մասնակցությամբ քննարկվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին հաստատված՝ «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը

Թինի Քոկսի մասնակցությամբ քննարկվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին հաստատված՝ «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը

Հոկտեմբերի 18-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը։
 
ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանն անդրադարձել է վերջին զարգացումներին, ընդգծել, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանգեցրել են մարդու իրավունքների լայնամասշտաբ ճգնաժամի։ Ավելի քան 100 000 հայերի զանգվածային տեղահանումը իրենց տներից ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտում: Ադրբեջանցիների պնդումները, թե այդ մարդիկ ինքնակամ են հեռացել, ոչ մի քննադատության չի դիմանում։ Հոկտեմբերի 12-ին ընդունված բանաձևում ԵԽԽՎ ևս հաստատել է, որ տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը լքել է իր պատմական հայրենիքը՝ ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի, հայերի նկատմամբ Ադրբեջանում վարվող ատելության քաղաքականության և վստահության պակասի պատճառով։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների, ուժի ապօրինի կիրառման, ըստ այդմ՝ ԵԽ կանոնադրական և անդամակցության պարտավորություններին հակասող գործողությունների համար:
 
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Նախարարների կոմիտեին է ներկայացրել հոկտեմբերի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասները։ Մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը բարձր է գնահատել հանդիպման անցկացումը, ինչը լավ հնարավորություն է տվել քննարկելու Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, առկա խնդիրների լուծման ուղղությամբ միջազգային հանրության, ներառյալ Եվրոպայի խորհրդի կողմից աջակցության հետագա քայլերը։
 
ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսի մասնակցությամբ քննարկվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին հաստատված՝ «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը։ Դեսպան Արման Խաչատրյանը Նախարարների կոմիտեին է ներկայացրել բանաձևում տեղ գտած հիմնական դրույթները՝ կարևորելով Նախարարների կոմիտեի հետևողական քայլերը ԵԽԽՎ խորհրդատվություններին հետևելու համար։
 
Նիստին Եվրոպական միությունը՝ ԵՄ անդամ պետությունների և ԵՄ անունից, հանդես է եկել հայտարարությամբ, որին միացել են նաև Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Մոնակոն, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան և Սան Մարինոն։ Հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով:

  • Կիսվել: