երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թիկունքից հարվածել կլիներ, եթե պատերազմի օրերին պաշտոնը լքեի․ Մարությանը` Փաշինյանին

Թիկունքից հարվածել կլիներ, եթե պատերազմի օրերին պաշտոնը լքեի․ Մարությանը` Փաշինյանին

«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կատարեց իր ընտրությունը։ Նա ընտրության էր եկել միայնակ։

Նա երևանցիներին խնդրեց և հորդորեց, որ անպայման մասնակցեն ավագանու ընտրություններին, որովհետև իրենք ընտրում են իրենց քաղաքի ապագան։

Նրա կարծիքով՝ քաղաքային իշխանության ընտրության ժամանակ միշտ էլ ընտրողների պասիվություն է նկատվել։

«Բնականաբար, քաղաքացիների մոտ կա «ապատյա», ներքին և արտաքին քաղաքական գործընթացներն ազդում են մարդկանց վրա։ Ես ասել եմ, որ այս իշխանությունները գողացել են մեր հույսը, և ես քվեարկել եմ, որ հետ բերենք մեր հույսը»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։

Անդրադառնալով հոկտեմբեր 17-ին ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ նա կոշտ քննադատեց բանավեճին չմասնակցած քաղաքապետի թեկնածուներին, նա արձագանքեց.

«Թիկունքից հարվածը կլիներ այն, որ ես այդ ժամանակահատվածում, դուրս գայի թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից և հայտարարեի այդ մասին, բայց ես ներքին կարգով, միայն Սուրեն Պապիկյանին ուղղակի հայտնել եմ, որ այլևս մեր ճաապարհները չեն կարող լինել իրա հետ, դա ուղղակի սկզբունքային խնդիրների համար է։ Նշել եմ, որ այդ մասին ոչ մի դեպքում ոչ ոքի չեմ ասելու։ Ասել եմ նաև՝ դրա մասին, որպես կուսակցություն, դուք կհայտնեք, երբ իրավիճակը կհանդարտվի»,- մանրամասնեց նա։

Նախկին քաղաքապետը նաև հայտնեց, որ ինքը սկզբունքային տարաձայնություններ է ունեցել ՔՊ կուսակցության վերնախավի հետ, և այդ քայլին դիմել է միայն նրա համար, որպեսզի ապահովի նրանց անվտանգությունը։

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 15-ի հանրահավաքին Նիկոլ Փաշինյանը, խոսելով,  քաղաքապետի թեկնածուների բանավեճին չմասնակցելը  հայտարարել էր․

«Գիտեք բեմում միայնակ կանգնել վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ ժողովուրդ, սա հեղափոխության արժեք, ազատություն է: Հարցեր եք բարձրացնում, մեղադրանքներ հնչեցնում։ Գնայիք, նայեիք ՔՊ ներկայացուցչի աչքերի մեջ և շփացնեիք ձեր ասելիքը։ Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև չեք կարող, որովհետև բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ։ Վախենում եք՝ կարող է պարզվել, ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում և ուրիշի գրած սցենարով եք խաղում»։

  • Կիսվել: