ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Տիկի'ն Ավանեսյան, ռեպորտաժից իմացա, որ քովիդը ղալաթ ա արել, առողջապահական համակարգը փլուզվել ա. Փաշինյան

Տիկի'ն Ավանեսյան, ռեպորտաժից իմացա, որ քովիդը ղալաթ ա արել, առողջապահական համակարգը փլուզվել ա. Փաշինյան

Նախորդ օրը երեկոյան հեռուստացույցի դեմը նստած ալիքներն էի փոխում, մեկ էլ մի ալիքով լուրեր էր, տեսա առողջության ապահովագրության մասին է խոսքը, ասացի կանգ առնեմ տեսնեմ ինչ են ասում. ես այդ ռեպորտաժից իմացա, որ առողջապահության համակարգը փլուզվել է, ջախջախվել է և գոյություն չունի այլևս, մենք կատաստրոֆայի առաջ ենք կանգնած, որ Քովիդի համավարակը, հազար ներողություն, ղալաթ է արել. ճիշտն ասած, վախից անջատեցի հեռուստացույցը։ Այս մասին այսօր՝ հունվարի 8–ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապա նա դիմեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Տիկին Ավանեսյան, հիմա կուզենայի ձեր մեկնաբանությունները, կարո՞ղ է մի բան կա, մեզ չեք ասում և մենք տեղյակ չենք»։

Ի պատասխան նխարարն ասաց. «Այդ ռեպորտաժներից հետո գնում ես կոնկրետ հիվանդանոց, կոնկրետ պացիենտի սենյակ ու տեսնում ես  վիրահատված 80-ամյա մեր քաղաքացուն, ով եթե այդ խնդիրը ունենար դեկտեմբերի 31-ից առաջ, լրջագույն խնդրի առաջ էր կանգնելու, որովհետև հասանելի չէր լինելու սրտի ռիթմավարի այդ ծառայությունը։ Նա երկու օր առաջ վիրահատվել է և երեկ երեկոյան տուն է գնացել վերականգնված առողջությունով։ Այսինքն մենք միշտ ունենք իրականություն և ունենք, թե ինչպես է դա ներկայացվում»։

Փաշինյանն արձագանքեց. «Այն, որ այս մասշտաբի բարեփոխումը մի բաժակ ջուր խմելու նման չի լինելու այդ մենք գիտեինք, բայց այնուամենայնիվ հիմա ո՞նց եք դուք գնահատում ենթադրենք 10 բալանոց համակարգով»։

Ավանեսյանը բարեփոխումը գնահատեց 6–6,5 բալ. «Եթե ազնվորեն ասեմ, ես շատ ավելի մեծ խնդիրներ էի ակնկալում պրակտիկայում կիրառման արդյունքում։ Մենա այս պահին խնդիրների բաժանել ենք կատեգորիաների. առաջինը տեղեկատվական բացի խնդիրներն են։ Այսինքն մարդիկ լրացուցիչ տեղեկատվության կարիք ունեն ինչպես օգտվել, ոչ միայն պացիենտները, այլ նաև մեր բժիշկները, որը որոշակի ժամանակ է պահանջում։

Ունենք նաև իրական կյանքում շատ սպեցիֆիկ իրողություններ, որոնք որ ի հայտ են եկել։ Մի օրինակ բերեմ, հավելվածը ներբեռնում են մեր ավագ սերնդի ներկայացուցիչները, բայց քանի որ կարգավորումներում նշվում է, թե ինչպես դեմքը շարժել, ակնոցները հանում էին, չէին կարողանում հետևել այդ տրվող ցուցումներին։ Հիմա այսօր թարմացրել ենք հավելվածը, կլինի նաև ձայնային հուշում, որ ինչպես շարժել դեմքը, որ նույնականացումը լինի։ Այսինքն մենք բոլոր խնդիրները ճկուն ձևով փորձում ենք ֆիլտրել և փոփոխությունների և անընդհատ լավարկումների շրջանակում կարգաբերել»։

  • Կիսվել: