հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը չի բացառում՝ արտակարգ դրությունը կարող է դադարեցվել ժամկետից շուտ

Տիգրան Ավինյանը չի բացառում՝ արտակարգ դրությունը կարող է դադարեցվել ժամկետից շուտ

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը չի բացառում, որ արտակարգ դրությունը կարող է ավարտվել սահմանված ժամկետից՝ ապրիլի 14-ից շուտ։ Այս մասին նա հայտարարել է մարտի 22-ին Հանրային հեռուստաընկերության եթերում։

Նրա խոսքով՝ դեռևս հստակ չէ, թե երբ կավարտվի այս վիճակը։ Ըստ նրա՝ հնարավոր է կերկարաձգվի կամ հակառակը՝ ժամկետից շուտ ավարտվի արտակարգ դրության ռեժիմը։

Ավինյանը նաև նշել է, որ այս փուլում կարողացել են արդյունավետ կանխարգելել հիվանդության հետագա տարածումը:

«Որոշակի փոփոխություններ կլինեն ապագայում մեր քայլերի հաջորդականության մեջ: Աշխարհում տարբեր փորձեր կան, մինչև այս պահը մեր փորձը բավականին դրական է եղել և մենք նույնպես շարժվել ենք կանխարգելման ճանապարհով և այս ուղղությամբ նաև տարբեր գործիքներ ենք զարգացրել: Պարոն Թորոսյանի հետ հեռախոսային մի հավելված էինք թեստավորում, որը թույլ կտա անձանց ինքնահայտարարագրվել և 20 հարցի պատասխանելու արդյունքում ծրագիրն այդ մարդկանց կասի, թե որ խմբում են գտնվում` արդյոք վիճակը ռիսկային է, թե՝ ոչ: Եվ ծայրահեղ լինելու դեպքում նրանց կխնդրի կոնկրետ հեռախոսահամարի զանգահարել»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ սա այն փորձն է, որը կիրառել են Հարավային Կորեան, Սինգապուրը, Թայվանը։

Փոխվարչապետը նաև հայտնել է, որ առայժմ կառավարությունը ռեսուրսներ ունի կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոցներում պահելու, սակայն եթե նրանց թիվը մեծանա և հիվանդանոցային մեկուսացումն այլևս նպատակահարմար չլինի, նրանց կվերաբաշխեն։

«Եթե մի պահ տեսնենք, որ բոլոր վարակվածներին հիվանդանոցներում պահելը նպատակահարմար չէ, առաջին փուլով, կարծում եմ, նրանց կտեղավորենք հյուրանոցներում, իսկ հիվանդանոցներում կպահենք միայն ծանր դեպքերը։ Եթե հիվանդների թիվն էլ ավելի մեծանա և հյուրանոցային պայմաններում էլ նրանց պահելը էֆեկտիվ չլինի, կանցնենք տներում մեկուսացման»,- ասել է Ավինյանը։

Միաժամանակ պարետը նշել է, որ Հայաստանն ունի բավարար ռեսուրսներ հիվանդներին մեկուսացնելու համար, նաև կան բավարար չափով բժշկական սարքավորումներ ու թեստեր։ Կառավարությունը, սակայն, այժմ բանակցություններ է վարում մեծ քանակությամբ նոր սարքավորումներ և ռապիդ թեստեր գնելու ուղղությամբ, վերջինները, մասնավորապես, կներդնեն սահմանային անցակետերում, որպեսզի սահմանը հատող բոլոր քաղաքացիները հանձնեն թեստեր։

 

  • Կիսվել: