կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը առողջական խնդիրների պատճառով այսօր չի մասնակցի քարոզարշավին

Տիգրան Ավինյանը առողջական խնդիրների պատճառով այսօր չի մասնակցի քարոզարշավին

«Վարչական շրջաններում մենք իրականացրել ենք ակտիվ քարոզարշավ և կարող ենք ֆիքսել, որ միակ քաղաքական ուժ ենք, որը բոլոր՝ 12 վարչական շրջաններում ամենաօրյա ռեժիմով իրականացրել ենք քարոզարշավ»։ Այս մասին այսօր Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում հաղթանակի հնարավորությունը, Փամբուխչյանը պատասխանեց. «Հաղթանակի հնարավորությունը մեծ ենք գնահատում, այսօր երեկոյան նաև դեբատն է, որին կմասնակցի մեր թեկնածու Տիգրան Ավինյանը»:

Նախընտրական շտաբի պետը նաև տեղեկացրեց, որ Տիգրան Ավինյանը իրենց հետ չէ այս պահին, քանի որ որոշ առողջական խնդիրներ ունի:

«Մի փոքր առողջական խնդիրներ ունի, այսօր մնացել է տանը, որպեսզի ապաքինվի: Այս 20 և ավելի օրերի ընթացքում տարբեր եղանակային պայմաններում քայլելով, շփվելով մի փոքր խնդիրներ կան, բայց վստահ եմ, որ ժամը 22:00-ին իր ամբողջ ներուժով ներկա կլինի դեբատին: Եվ այսպիսով վաղը կավարտենք քարոզարշավը»,- ասաց նա և տեղեկացրեց, որ վաղը՝ 17:30-ին, Էրեբունի թանգարանից ունեն եզրափակիչ երթ և ամփոփիչ հանրահավաք Երևանի քաղաքապետարանի դիմաց:

  • Կիսվել: