կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Տիգրան Ավինյանն անդրադարձել է ավագանու անդամի՝ հանրային պաշտոն զբաղեցնելու համատեղության հարցին

Տիգրան Ավինյանն անդրադարձել է ավագանու անդամի՝ հանրային պաշտոն զբաղեցնելու համատեղության հարցին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ավագանու անդամի՝ հանրային պաշտոն զբաղեցնելու համատեղության հարցին։ Քաղաքապետի խոսքով՝ հանրային պաշտոնյան միաժամանակ չի կարող լինել ավագանու անդամ. «Սակայն որքան էլ պարադոքսալ չէ, ավագանու անդամը կարող է միաժամանակ լինել հանրային պաշտոնյա։ Այնուամենայնիվ, ավագանու՝ նախկինում ընդունած որևէ որոշման հետ կապված մենք խնդիր չունենք»,- ասել է նա։ 

Ըստ Ավինյանի՝ ավագանու անդամները, որոնք զբաղեցնում են հանրային պաշտոն, պետք է որոշում կայացնեն. «Որքանով ես եմ տեղեկացված՝ «Մայր Հայաստան» խմբակցությունում նույնպես այդպիսի անդամ կա, որը ևս որոշում պետք է կայացնի՝ մնում է ավագանու անդամ, թե շարունակում է հանրային պաշտոնյա մնալ։ Մեզ մոտ այդ քննարկումը տեղի է ունեցել, և այդ որոշումները համապատասխանաբար կայացվել են։ Հատուկ որևէ գործողություն անելու կարիք չկա, որովհետև ավագանու անդամները իրենք իրենց համար պետք է որոշում կայացնեն»։

Ավինյանը նաև անդրադարձել է ընդդիմադիրների՝ բոյկոտի մասին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ ավագանու 2 անդամ 42 քվեարկությունից 42-ին էլ չի մասնակցել. «Մեկ-երկու քաղաքական թեմայով որոշումների մասին չէ խոսքը։ Սա կոնկրետ անգործությունը բոյկոտի անձրևանոցի տակ ներկայացնելու փորձեր են»։

Նա հիշեցրել է, որ ավագանու անդամների հետ կապված կանոնները շատ խիստ են. «Եթե ավագանու նիստը անընդհատ, պարբերաբար բոյկոտվի, հազար ու մի ծրագրեր ուղղակի չեն իրականանա։ 1,2 մլն մարդ կունենա խնդիր, Երևան քաղաքը կունենա խնդիր»։

Նա շեշտել է, որ քաղաքը չի կարող պարալիզացվել. «42 քվեարկությունից 42-ին չմասնակցած ավագանու անդամը չի կարող լավ ավագանու անդամ լինել, ամենայն հարգանքով»։

  • Կիսվել: