հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դժվար է տոնական մթնոլորտ ստեղծել, երբ ամեն օր հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր․ Ծառուկյան

Դժվար է տոնական մթնոլորտ ստեղծել, երբ ամեն օր հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր․ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արդեն 28 տարի է, ինչ Սահմանադրությունը դարձել է մեր անկախ պետականության խորհրդանիշներից մեկը:
 
Ցավոք, ներկայումս ապրում ենք այնպիսի ժամանակներ, երբ պետության համար նշանակալի այս օրը տոնելու ո՛չ տրամադրություն, ո՛չ էլ ցանկություն կա, շատերն էլ այն նշելու իմաստը չեն տեսնում: Դժվար է տոնական մթնոլորտ ստեղծել, երբ ամեն օր հնչում են մեր պետականության կորստի վտանգի մասին ահազանգեր, իսկ Արցախն արդեն տևական ժամանակ է շրջափակման մեջ է գտնվում։
 
Սակայն մենք հուսահատվելու և թևաթափ լինելու բարոյական իրավունք չունենք: Մենք միասնաբար պետք է ելքեր փնտրենք ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար:
 
Ինձ համար այդ ելքը առաջին հերթին ներքին հանրային հաշտությունն է: Մենք պետք է գիտակցենք, որ ատելության ու թշնամանքի այս մթնոլորտը ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Համերաշխության մթնոլորտը պետք է գերակա լինի հանրային բոլոր մակարդակներում:
 
Մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, երբ Սահմանադրությամբ ամրագրված «իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին» ձևակերպումը լինի իրականություն, այլ ոչ թե զուտ բառեր: Համազգային նպատակները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները չպետք է միայն թղթի վրա ամրագրված լինեն, այլ ամենօրյա գործածությամբ ապացուցվեն: Եվ այստեղ անելիք ունենք բոլորս...
 
Մաղթում եմ խաղաղություն մեր երկրի սահմաններին, լավատեսություն և բարեկեցություն մեր ժողովրդին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։

  • Կիսվել: