հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախում նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի դիվերսիան

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախում նախօրեին տեղի ունեցած ադրբեջանական զինուժի դիվերսիան

Տեղի ունեցած միջադեպը կրկին փաստում է անհրաժեշտությունը, որ Երևանն ու Բաքուն շուտափույթ վերադառնան եռակողմ համաձայնությունների կատարմանը, այդ թվում` տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, հայ-ադրբեջանական դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի հարցերին։ Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Լուրջ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված միջադեպ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից։

Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և քայլեր ձեռնարկել իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ։ Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը վերաբերող ցանկացած հարց պետք է լուծվի խաղաղ ճանապարհով ու կողմերի միջև շփման միջոցով՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության (ՌԽԱ) հովանու ներքո։

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և խաղաղության պայմանագրի նախապատրաստման դրույթների իրականացման շրջանակներում բանակցությունների շուտափույթ վերադարձի հրամայականը»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Հիշեցնենք՝ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի կողմից «Խայփալու» կոչվող տեղանքում ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի թիրախավորման և կրակ է բացելու հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, վիրավորվել մեկը:

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: