ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի բացման արարողությունը

Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի բացման արարողությունը

Իջևան խոշորացված համայնքի շուրջ 47,000 բնակիչ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծառայություններից այսուհետ կօգտվի մեկ պատուհանի սկզբունքով։ Տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Տավուշի մարզի Իջևանի տարածքային կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ հյուրեր։ 

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Նարեկ Մկրտչյանը կարևորել է միասնական համակարգի միջոցով շահառուների կարիքների գնահատման ապահովումն, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված շարունակական աշխատանքների իրականացումը․

«Այժմ հանրապետությունում գործում է Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոն, որոնցից 18-ը գտնվում է շինարարական փուլում։ Բացի շենքային պայմաններից, բնականաբար, կարևորում ենք նաև ՄՍԾ աշխատակիցների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացման ապահովումն, ինչը կարող է մեծապես նպաստել տրամադրվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը»․

Կարոլին Գեգինատը ևս շեշտել է քաղաքացիներին մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայությունների հասցեական և պատշաճ տրամադրման կարևորությունը։ Այս համատեքստում ընդգծելով սոցիալական աշխատողների դերը՝ վերջինս նշել է, որ Համաշխարհային բանկը մասնակցում է նաև վերջիններիս վերապատրաստման դասընթացների իրականացման գործընթացին․

«Քանի որ քաղաքացիների հետ տարվող աշխատանքներում անմիջականորեն ներգրավված են նաև սոցիալական աշխատողները, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվում են վերջիններիս վերապատրաստման դասընթացներ։ Հուսով եմ, որ ՄՍԾ այս կենտրոնը ևս կգործի որդեգրված հիմնական գաղափարին համահունչ․ այն է՝ միասնական համակարգի միջոցով սոցիալական ծառայությունների տրամադրել քաղաքացիներին»։

Միասնական Սոցիալական Ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ 2) շրջանակում:

  • Կիսվել: