շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառում

Տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառում

Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում ամփոփել է Բարձր դատարանի 2023 թվականի գործունեությունը։ Արման Դիլանյանը նշել է, որ 2023 թվականը, լինելով բարդ և ծանրաբեռնված տարի, Սահմանադրական դատարանի համար նշանավորվել է սահմանադրական արդարադատության իրականացման չափանիշների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումների տեսանելի զարգացմամբ:

«Սահմանադրական մշակույթի ձևավորումն ու զարգացումն ուղիղ կապ ունեն երկրում սահմանադրական անվտանգության, իրավական պետության և առհասարակ սահմանադրականության հաստատման ու ամրապնդման հետ: Սահմանադրական մշակույթը միայն Սահմանադրությունն իմանալը չէ, դա նաև Սահմանադրությունը հարգելն է, պաշտպանելն ու պահպանելը, ապահովելն ու քարոզելը, դրա հրամայականներն իրականացնելը: Սա ժողովրդավարական պետությանն ուղեկցող մշտական գործընթաց է՝ իրավունքը գաղափարախոսության, իսկ գաղափարախոսությունն իրավունքի դրույթների վերածելու մասին»,- իր խոսքում նշել է ՍԴ նախագահը։

Հայաստանում սահմանադրական արդարադատության հիմքերը դրվել են 1995 թվականի հուլիսի 5-ին համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության ընդունմամբ, որն ուրվագծեց այնպիսի դատաիրավական համակարգ, որը ներառում էր նաև Սահմանադրական դատարանը։ Ի կատարումն ընդունված Սահմանադրության՝ 1995 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որն ստորագրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 6-ին և ամբողջականացրեց նորաստեղծ սահմանադրական մարմիների գործունեության օրենսդրական հիմքերը։

1996 թվականի փետրվարի 5-ին և 6-ին նշանակվեցին Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամները, Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողությունը, և Բարձր դատարանը պաշտոնապես սկսեց գործել 1996 թվականի փետրվարի 6-ից։

Սահմանադրությամբ իրենց վերապահված մանդատի բերումով սահմանադրական դատարաններն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում նաև մեր հանրապետությունում, մեծ դեր ունեն հանրային-հասարակական փոխհարաբերությունների հավասարակշռման ու զսպումների և հակակշիռների արդյունավետ համակարգերի առարկայացման գործում։

«Սահմանադրությունը կիրառելիս և մեկնաբանելիս չհենվել միայն դրա ձևական կամ տառացի բովանդակության վրա: Հանդիսանալով պետականության անբաժանելի հատկանիշ՝ Սահմանադրությունն օժտված է տվյալ պետության ու ժողովրդի հետ անհատականացվող, Սահմանադրության մեջ ուղիղ չարտացոլվող մի շարք բաղադրիչներով, որպիսիք են մշակութային, պատմական, բարոյական, արժեբանական և այլ բաղադրիչներ, և միայն դրանց հաշվառմամբ իրականացված մեկնաբանությունն ու կիրառումն են ապահովում Սահմանադրության, այսպես ասած, իմունիտետը, ապահովում դրա ճկունությունն ու կենսունակկությունը:

Միևնույն ժամանակ, բացի զուտ ազգային իդեալներն ու պատկերացումներն արտահայտելուց, Սահմանադրությունն արտացոլում է մարդկության ամենաարդիական իրավական նվաճումները՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում»,-նշել է Արման Դիլանյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանը միշտ ունեցել է Սահմանադրությունն այդ գաղափարական ընդհանրության գիտակցմամբ մեկնաբանելու վճռականությունը:

Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առթիվ Սահմանադրական դատարանի նախագահին, դատավորներին և աշխատակազմին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձի և դատական տարվա բացման պաշտոնական միջոցառմանը տեղի ունեցավ նաև ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լրամշակված շտեմարանի շնորհանդեսը, որը հրապարակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։

ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանի, ՍԴ նախագահի օգնական Արտակ Ղազարյանի և ՍԴ փորձագիտական-վերլուծական բաժնի վարիչ Աիդա Թադևոսյանի համահեղինակությամբ կազմված և լրամշակված Շտեմարանն ընդգրկում է Սահմանադրական դատարանի գրեթե 4000 որոշում, այդ թվում՝ ըստ էության, աշխատակարգային և դատական կազմերի որոշումներ, առանձնացվել են դրանցում արտահայտված առանցքային կարևորություն ունեցող իրավական դիրքորոշումները։

Շտեմարանում ներառված յուրաքանչյուր որոշում ունի QR կոդ, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես անցում կատարելու որոշման պաշտոնական տեքստի ամբողջական տարբերակին:
Շտեմարանը նախատեսված է թե՛ տեսական հետազոտություններով զբաղվող գիտնականների, թե՛ պրակտիկ գործունեության ոլորտում ներգրավված իրավաբանների համար:

  • Կիսվել: