ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տարոն Սիմոնյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Տարոն Սիմոնյանը չի մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Տարբեր մեկնաբանություններից, բամբասանքներից ու առասպելներից խուսափելու համար նշեմ, որ չեմ ընդգրկվել նախընտրական ցուցակում, որովհետև չեմ ցանկանում առաջիկայում աշխատել որպես պատգամավոր կամ որևէ այլ պետական պաշտոնատար անձ, ինչն, իհարկե, չի նշանակում, որ դադարելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն իմ գիտելիքներով ու փորձով։ Այս մասին գրառում է կատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ինձ համար չկա ավելի կարևոր պաշտոն, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ազգին օգտակար մարդ լինելն է։

Սա չի նշանակում նաև, որ հեռանում եմ քաղաքականությունից, ինչի ապացույցը Լուսավոր Հայաստանի նախընտրական շտաբի պետի պարտականությունների ստանձնումն է։

Հուսով եմ՝ պատվով կկատարեմ այն, և կապահովեմ իմ թիմի համար լուրջ արդյունքներ՝ արդարացնելով թիմակիցներիս բարձր վստահությունը։

Ես հավատում եմ և վստահ եմ, որ հայ հանրության ու պետականության զարգացման գրավականը գիտելիքի, կրթության, հոգևոր դաստիարակության և քաղաքակրթական հասունության, այլ կերպ ասած՝ ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆՈՒԹՅԱՆ մեջ է։

Առաջիկայում աշխատանքներս շարունակելու եմ գիտական, դասախոսական, բարեգործական և փաստաբանական (իրավապաշտպան) գործունեության , ինչպես նաև գաղափարախոսական աշխատանքի բնագավառում։

Դեռ շատ ենք հանդիպելու, հատկապես՝ #ԱՐԲԱՆԷ ֊ական լսումների շրջանակներում։ Հասունանալու, գիտելիքով հարստանալու մի փոքր կամք, և ամեն ինչ լավ է լինելու ... Շնորհակալ եմ բոլորիցդ վստահության համար»,-գրել է նա։

  • Կիսվել: