չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Տաերվերջին պետք է 100 նոր դպրոց լինի Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Տաերվերջին պետք է 100 նոր դպրոց լինի Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին 1 մլրդ 435 մլն դրամ հատկացրեց 15 սուբվենցիոն ծրագիր ավարտին հասցնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում փողոցներն արտաքին լուսավորություն կունենան, Արարատի մարզի Վարդաշեն համայնքում ոռոգման ներտնտեսային ցանցը կբարելավվի, Արտաշատում Օգոստոսի 23-ի փողոցի մի շարք շենքերի տանիքներն են հիմնանորոգվել, Մասիսում ու Գեղարքունիքում է խոշոր ծրագիր իրականցվել, Լոռիում զբոսայգի են վերանորոգում, Շիրակի մարզի փողոցներն են հիմնանորոգում:

Խոշոր ծրագիր են իրականացնում Քաջարան համայնքում. էներգաարդյունավետությունն են բարելավում:

«Սա չափազանց կարևոր ծրագիր է, մենք օգնում ենք, որ քաղաքացին կոմունալ վարձերի գծով խնայողություն ունենա, դա իր սոցիալական վիճակի համար ավելի ծանրակշիռ ներդրում է», - ասաց նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ 2021 թվականի 620 ծրագրից 447-ն ավարտված է, 173-ը ընթացքի մեջ է:

Ինչ վերաբերում է 2022 թվականին՝ նախարարն ասաց, թե երկու-երեք թիրախ են ընտրել ու վերլուծությունը ցույց է տվել, որ թիրախներն արդարացված են, դրանք են՝ մանկապարտեզների կառուցումը, խմելու ու ոռոգման համակարգերն ու ճանապարհները:

«Այս երեք ուղղությամբ ամենաշատ հայտերն ունենք՝ 78,2 միլիարդ դրամի 457 հայտ է, բայց թիվը վերջնական չէ», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե չպետք է լինի ոչ դպրոց, ոչ էլ մանկապարտեզ, որտեղ հիմնանորոգում անեն, հետո պարզվի, որ ներսում կա օգտագործված որևէ բան. ամեն ինչ պետք է անել նորից:

«Կարելի է մեկ, երկու միլիոն դրամ ավելի ծախսել ու ստանալ լիարժեք պատկեր: Խնդրում եմ մինչև վերջ ապահովել», - ընդգծեց նա:

Փաշինյանն ասաց, թե 2022 թվականի դեկտեմբերին պետք է 100 նոր դպրոց լինի Հայաստանում:

«Մենք անընդհատ ստանում ենք ահազանգ, որ տեխնիկական հսկողության ինստիտուտը մեր երկրում չի կայանում. պետք է մտածել՝ ինչ անել, որ ինստիտուտը կայանա, հրավիրում եմ փոխվարչապետերի ուշադրությունը», - ասաց վարչապետը:

  • Կիսվել: