շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունները ավարտվել են անարդյունք

Սյունիքում գեներալ Մուրադովի մասնակցությամբ բանակցությունները ավարտվել են անարդյունք

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի մոտ տեղի ունեցող բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Ակներ գյուղի համայնքապետ Սպարտակ Մինասյանը:

Նշենք, որ այսօր բանակցություններին մասնակցում էր Արցախում խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը:

«Տեղեկություններ ունենք, որ բանակցություններն ավարտվել են ու ոչ մի արդյունք չկա: Տեղյակ չեմ, վաղը շարունակվելու են, թե` ոչ բանակցությունները»,-ասաց նա:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ ՊՆ-ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին․ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Հիշեցնենք նաև, որ մայիսի 14-ին տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները Ակներ գյուղի վերևի հատված էին առաջացել, որի հետևանքով Գորիս քաղաքն ընկնում է անմիջական նշանառության տակ։

  • Կիսվել: