երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սյունիքում բանակցություններն այսօր վերսկսվել են․ Մուրադովը ևս մասնակցում է

Սյունիքում բանակցություններն այսօր վերսկսվել են․ Մուրադովը ևս մասնակցում է

Այսօր ժամը 14:00-ից  Խնձորեսկում շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները՝ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանցի զինվորականների մուտք գործելու կապակցությամբ։ Ինչպես երեկ, այսօր ևս բանակցություններին մասնակցում է է Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը:

Նշենք, որ երեկ բանակցություններն ավարտվել էին անարդյունք։ Պաշտպանության նախարարությանը առավոտյան տարածած հաղորդագրությունից տեղեկացանք, որ  Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունն ընդհանուր առմամբ փոփոխության չի ենթարկվել։

«Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից»,- հայտնում է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: