ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպանին

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության նորանշանակ դեսպանին

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 25–ին ընդունել է ՀՀ–ում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին։ 

Նախարարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ պատասխանատու առաքելությունը  ստանձնելու կապակցությամբ, և հույս հայտնել, որ չնայած ՀՀ–ում հետպատերազմյան դժվար  իրավիճակին` նորանշանակ դեսպանը իր գործուն ներդրումը կունենա երկկողմ հարաբերություններում առկա տնտեսական և քաղաքական օրակարգն  ընդլայնելու  և զարգացնելու գործում։ 

Հանդիպման ընթացքում նախարար Պապիկյանը կարևորել է Նիդեռլանդների կառավարության հետ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության գործունեության ոլորտների շրջանակում նոր մակարդակի համագործակցության հաստատումը և այդ առնչությամբ նշանակալից ազդակ համարել դեպանության բացումը Երևանում։ 

Դեսպան Սխեմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրներում համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի բացահայտմանը և իրացմանը։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության հետ հաջողված փոխգործակցության արդյունքները, մասնավորապես՝ ՀՀ–ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում հոլանդական կողմի հետ ռեադմիսիոն գործընթացներում գրանցված առաջընթացը։  

Նախարար Պապիկյանը դեսպանին ներկայացրել է նաև Արցախյան պատերազմի հետևանքների մեղմացմանն ուղղված ՀՀ կառավարության ճանապարհային քարտեզը, առանձնահատուկ շեշտել Արցախից տեղահանված բնակիչներին հումանիտար աջակցության և հայրենադարձման ծրագրերում բարեկամ երկրների հետ հնարավոր համագործակցության կարևորությունը։ 

Կողմերը քննարկել են նաև տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտներում, վարչատարածքային բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: