շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստորագրվել է հայ-ռուսական գիտական ​​համագործակցության ճանապարհային քարտեզը

Ստորագրվել է հայ-ռուսական գիտական ​​համագործակցության ճանապարհային քարտեզը

Նոյեմբերի 5-ին Երեւանում ՀՀ ԳԱԱ-ի եւ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միջեւ ստորագրվել է հայ-ռուսական գիտական ​​համագործակցության ճանապարհային քարտեզը: Փաստաթուղթը ստորագրվել է այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեեւի եւ ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի միջեւ։

Բացի այդ, Ալեքսանդր Սերգեեւին շնորհվել է Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ։ Ալեքսանդր Սերգեեւն իր ելույթում ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գիտական ​​հարաբերությունների էական վերագործարկման անհրաժեշտությունը։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաեւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։  

«Մոտ 30 տարի առաջ դադարեց գոյություն ունենած մեծ երկիր՝ Խորհրդային Միությունը։  Հիմա մենք հասկանում ենք, թե ինչքան բան ենք կորցրել, եւ ինչքան բան կար, որը պետք է պահպանեինք ու զարգացնեինք՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Մենք պետք է օգտագործենք հին փորձն ու նոր գործիքները եւ ապահովենք զարգացումը։ Աշխարհում այսօր մրցակցություն է տեխնոլոգիական ոլորտում առաջատար լինելու համար, ինչն անհնար է առանց գիտության»,-ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի նախագահը։ Նա նշել է ինչպես հիմնարար, այնպես էլ կիրառական գիտության միաժամանակյա զարգացման, ինչպես նաեւ նոր կադրերի պատրաստման ուղղությամբ աշխատանքի կարեւոր դերը։ «Մենք ապրում ենք բարդ բազմաբեւեռ աշխարհում, որտեղ նոր հզոր խաղացողներ են ի հայտ գալիս: Այս ֆոնի վրա գիտնականների համար կարեւոր է փոխգործակցությունը տարբեր երկրների միջեւ»,-հավելել է Սերգեեւը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն իր հերթին նկատել է, որ աշխարհում բարդ մարտահրավերներին դիմակայելու համար կարեւոր է տարբեր երկրների ուժերի համախմբումը, գիտնականների միջեւ համագործակցության ակտիվացումը։ «ԳԱԱ-ի համար հատկապես կարեւոր է համագործակցությունը ՌԳԱ-ի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ համատեղ նախագծեր են իրականացվում, այնուամենայնիվ, փոխգործակցությունը պետք է ընդլայնվի, նոր կապեր պետք է ստեղծվեն՝ հաշվի առնելով գիտատեխնիկական առաջընթացի պահանջները»,-պարզաբանել է նա։ Աշոտ Սաղյանն ասել է, որ ԳԱԱ-ն եւ ՌԳԱ-ն մտադիր են համատեղ ուսումնասիրել Սեւանա եւ Բայկալ լճերի, կորոնավիրուսի հարցերը եւ այլ ուղղություններ։

Նշենք, որ  Հայաստան այցի շրջանակում ՌԴ Գիտությունների ակադեմիայի նախագահը կհանդիպի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ 

  • Կիսվել: