ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստորագրահավաքին բազմաթիվ քաղաքացիներ են միացել. պահանջը՝ անհապաղ ազատ արձակել Սյունիքի կալանավորված համայնքապետներին. «Փաստ»

Ստորագրահավաքին բազմաթիվ քաղաքացիներ են միացել. պահանջը՝ անհապաղ ազատ արձակել Սյունիքի կալանավորված համայնքապետներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Երևանում մի քանի օր առաջ մեկնարկել է ստորագրահավաք՝ ի աջակցություն Սյունիքի կալանավորված համայնքապետների: Սակայն իրավապահները խոչընդոտել են ստորագրահավաքի անցկացումը, որն իրականացվում էր Հյուսիսային պողոտայում: «Փաստ» թերթի տեղեկություններով, քաղաքական իշխանությունը բավականին անհանգստացած է այս նախաձեռնությամբ, և իշխանության ամենավերին «գագաթից» ուղիղ հրահանգ է եղել՝ ամեն կերպ կանխել ստորագրահավաքը:

Սակայն դա չի խանգարում շարունակել նախաձեռնությունը, և ստորագրահավաքն իրականացվում է թե՛ Հայաստանի այլ բնակավայրերում, թե՛ առցանց տարբերակով: Մեր ունեցած տեղեկություններով, ստորագրահավաքին արդեն իսկ միացել են մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ բավականին հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ, մտավորականներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ: Մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր ակցիաներ են իրականացվելու նաև Սյունիքի և ընդհանրապես հանրապետության տարբեր բնակավայրերում:

Հիշեցնենք, որ ստորագրահավաքին միացողները պահանջում են անհապաղ ազատ արձակել Սյունիքի՝ կալանավորված համայնքապետներին: Կալանավորված են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը և Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, ինչպես նաև ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավար Արամ Գասպարյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: