ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ստիպված ենք ևս մեկ անգամ ընդգծել՝ եվրասիական տնտեսական ինտեգրումն ու անդամակցությունը Եվրամիությանն անհամատեղելի են. Լավրով

Ստիպված ենք ևս մեկ անգամ ընդգծել՝ եվրասիական տնտեսական ինտեգրումն ու անդամակցությունը Եվրամիությանն անհամատեղելի են. Լավրով

Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք Հայաստանին համարում ենք մեր կարևոր ռազմավարական գործընկերներից և դաշնակիցներից մեկը։ Մենք հավատարիմ ենք երկկողմ մակարդակով և ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում ձևավորված առևտրատնտեսական և ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստանի հետ կնքված համաձայնագրերի ողջ շրջանակին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չունի թաքնված օրակարգ կամ ՛՛նախագծեր՛՛, որոնց իրականացումը վնասակար ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգության կամ տնտեսական բարեկեցության վրա՛՛:

Այնուամենայնիվ, ըստ Լավրովի, եվրասիական տնտեսական ինտեգրումն ու անդամակցությունը Եվրամիությանն անհամատեղելի են։

՛՛Հաշվարկները դեռ ավարտված չեն, բայց արդեն կարելի է ասել, որ 2024 թվականի ապրանքաշրջանառությունը բացարձակ ռեկորդ է սահմանել։ Ի դեպ, ՀՀ-ի և ԵՄ-ի ու ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը, որոնք Հայաստանին կոչ են անում հրաժարվել ռուսական շուկայից, շատ ավելի փոքր է և անկում է ապրում։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային և ներդրումային գործընկերը։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները։ Միևնույն ժամանակ, մենք ստիպված ենք ևս մեկ անգամ ընդգծել՝ եվրասիական տնտեսական ինտեգրումն ու անդամակցությունը Եվրամիությանն անհամատեղելի են։

Հուսով ենք, որ գալիք տարում մենք կկարողանանք զգալի առաջընթաց գրանցել մի շարք կարևոր ծրագրերի իրականացման գործում, ինչպես նաև կբարձրացնենք մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային փոխանակումների դինամիկան՛՛,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

  • Կիսվել: