երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ստեփանակերտը նոր մանկապարտեզ կունենա

Ստեփանակերտը նոր մանկապարտեզ կունենա

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության նախաձեռնությամբ և միջոցներով Ստեփանակերտի "Օլիմպ պլյուս" հյուրանոցային համալիրի տարածքում կհիմնվի մանկապարտեզ։

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր՝ մայիսի 27֊ին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը և Ընկերակցության Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը եղել են մանկապարտեզի համար նախատեսվող տարածքում և պլանավորել անելիքները։

Բնութագրությունը հասանալի չէ

Մեզ հետ զրույցում Զ.Խանջյանն ասել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմական գործողություններից հետո մեր հայրենակիցները կորցրել են բնակավայրերը, իսկ երեխաները՝ դպրոցներն ու մանկապարտեզները, ուստի պետք է ուշադրություն դարձվի այդ հարցին։ «Արցախյան ինքնությունն իմաստ չունի առանց ժողովրդի։ Այդ իսկ պատճառով երկար տարիներ ի վեր՝ 1990-ական թվականներից, նման ծրագրեր իրականացնում ենք Արցախում: Մենք վերջերս պատերազմի պատճառով դժբախտաբար, Շուշիում մի քանի ծրագրեր կորցրեցինք՝ ճամբարը, մանկապարտեզը, «Շող» կենտրոնը: Այս այցելությունը, անշուշտ, ընտանեկան այցելություն է, որովհետև Արցախը մեր տունն է, այնպես որ, անպայման, այս պատերազմից հետո Ավետարանչականի ներկայութունը անմիջականորեն վերահաստատվեց այստեղ: Արդեն դեկտեմբերի 1-ին մեր ծառայության բոլոր դաշտերը բաց էին՝ Մարտակերտից մինչև Ստեփանակերտ և Ասկերան, նույնիսկ Շուշիի այդ ծրագրերը, որոնք կորցրեցինք, նորից վերահաստատեցինք այստեղ: Շատ ուրախ ենք, որ պետությունը մեզ տրամադրեց այս շենքը, շնորհակալ ենք և երախտապարտ»,- նշել է նա՝ հավելելով, որ շենքը կվերանորոգեն և մանկապարտեզի տեսք կհաղորդեն։ Նա հույս հայտնեց, որ երեխաների թիվը սպասվածից ավելին կլինի։

Բնութագրությունը հասանալի չէ

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանը, խոսելով նախատեսված աշխատանքների մասին, ասել է, որ դրանք կմեկնարկեն պետական հրամանից անմիջապես հետո։ «Ստեփանակերտում Ավետարանչական ընկերակցության հովանու ներքո գործող մանկապարտեզը պետք է վերածենք «Շող» կենտրոնի բնակիչների համար: Իսկ նոր մանկապարտեզը կգործի այստեղ։Այս երկու փոփոխություններով կընդալյնվի Արցախում մեր ունեցած բազմազան ու բազմաշերտ գործունեությունը: Ավետարանչականը՝ իր բոլոր խավերով, արդեն տվել է արտոնությունը այս ծրագրի համար, և որևէ դժվարություն կամ արգելք չեմ տեսնում՝ սկսելու և շարունակելու այս ծրագիրը»,-հավելել է նա:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունն Արցախում գործում է 1995 թվականից։ Հանդիսանալով բարեգործական կազմակերպություն՝ այն նպատակ է ընտրել ժողովրդին ծառայելու առաքելությունը: Այս շրջանակում Արցախում իրականացվում է մանկապարտեզների ծրագիրը՝ Շուշիում, Ասկերանում, Մարտակերտում և Ստեփանակերտում։ Իրականացնում է նաև սոցիալական օգնության տարբեր ծրագրեր։ Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հետպատերազմյան փուլում շարունակում է աջակցության ծրագրերը, նաև սկսել է սահմանամերձ գյուղերի աջակցության ծրագրեր։

  • Կիսվել: