երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստամբուլյան գագաթնաժողովի փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքով․ Փաշինյան

Ստամբուլյան գագաթնաժողովի փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանն իրենց կյանքով․ Փաշինյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ 1999-ին ընդունված ստամբուլյան խարտիային, եւ փաստարկին, որ այնտեղ ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի հատվածում ոչինչ չի նշվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:

«Խնդիրն այն է, որ այդ թղթում ոչինչ չկա ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին: Ոչինչ չկա նաեւ ինքնորոշման մասին, իսկ ԼՂ հակամարտությունը այս համատեքստում Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ մերձդնեստրի հակամարտություններից առանձնացվել էր այլ պատճառով: Խնդիրն այն է, որ ԼՂ խնդրի կարգավորման համատեքստում 1999թ Ստամբուլյան գագաթաժողովի պահին շրջանառվում էր մեկ այլ փաստաթուղթ, որը և տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքից անդին էր: Այն մի կողմից որևէ առնչություն չուներ ինքնորոշման իրավունքի հետ, մյուս կողմից խախտում էր թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, և դա տարածքների փոխանակման փաստաթուղթն էր:

Այսինքն պատկերացնում եք՝ ինչու այդ գագաթաժողովին հղում չկար ոչ՛ տարածքային ամբողջականությանը, ոչ՛ ինքնորոշման սկզբունքին: Որովհետև այդ ընթացքում միջազգային դիվանագիտական հանրությունը գիտեր, որ հիմա բանակցային սեղանին է դրվել կարգավորման փաստաթուղթ, որը կոչվում է «Տարածքների փոխանակման սկզբունք»,- ասաց Փաշինյանը՝ նկատի ունենալով ԼՂ կարգավորման տարբերակներից մեկը, որ քննարկվում էր այդ ժամանակ:

Նա մի քանի կետեր մեջբերեց այդ փաստաթղթից․

«Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988-ին եղած սահմաններում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը:

Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988-ին եղած սահմաններով, փոխանցվում է Ադրբեջանին:

Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի  եւ Շահումյանի գրավյալ տարածքները 1988-ի սահմաններով, անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը որը շրջապատում է դրանք:

Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, Հայաստանը պետք է սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից:

Սույն համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի  եւ Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը ՀՀ տարածք»:

Փաշինյանի խոսքով, այս փաստաթուղթը արձանագրում է ԼՂ հարցի կարգավորման հայկական հիմնարար պատկերացումենրի մահը. «Ճիշտ է, այն չի ընդունվել, ընդ որում կա կարծիք,մ որը ես կիսում եմ, որ այս փաստաթղթի իրականացումը կանխել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը՝ իրենց կյանքով»:

44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին: Նիկոլ Փաշինյանն այդ օրը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:

  • Կիսվել: