հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաջորդ տարի գույքագրելու է Սփյուռքի ներուժը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հաջորդ տարի գույքագրելու է Սփյուռքի ներուժը

2020 –ի ընթացքում Սփյուռքի ոլորտում ծրագրերի իրականացումը բաժանվել է երկու ուղղությունների՝ ՀՀ-Սփյուռք գործակցության իրականացում և ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում, այդ մասին այսօր Ազգային ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Նրա փոխանցմամբ, գրասենյակին այդ ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 775 մլն դրամ: Սինանյանը նշեց, որ առաջին ուղղությունը, որին պատրաստվում են հատկացնել 450 մլն դրամ իրականացվելու է 6 ենթածրագիր: Մասնավորապես, նրա ներկայացմամբ, «Քայլ դեպի տուն» ծրագիրը հայապահպանության բաղադրիչ ունի, և հաջորդ տարի 140 մլն դրամ կհատկացվի և կհյուրընկալեն 13-22 տարեկան մինչև 800 երիտասարդների, որոնք կծանոթանան Հայաստանին, կբարելավեն հայերենը:

Երկրորդ ծրագիրը երիտասարդ առաջնորդների վերապատրաստման ծրագիրն է, որի համար կհատկացվի 25 մլն դրամ: Մյուսը Հայաստանի հանրային ոլորտում սփյուռքահայ երիտասարդների պրակտիկան է, որը Զարեհ Սինանյանի խոսքով՝ բոլորովին նոր ծրագրիր է և նպատակաուղղված է բարձրագույն կրթությամբ, մասնագիտական բարձր որակավորմամբ սփյուռքահայ մասնագետներին մեր երկիր բերելուն: Արդյունքում նախատեսվում է մինչև 20 երիտասարդների ծախսերը հոգալ, և դրա համար հատկացնել 90 մլն դրամ:

Հաջորդը ՀՀ-Սփյուռք գործակցության վերաբերյալ իրազեկման ծրագիրն է, ըստ որի՝ Սփյուռքի հետ ճանաչողության աշխատանք պետք է տարվի. «Սփյուռքի համար պետք է ընդունելի լինի հայաստանյան մեր օրակարգը և դրա համար բյուջեից կհատկացվի 60 մլն դրամ»-ասաց նա:

Մյուս ծրագրի շրջանակներում Վրաստանի հայալեզու լրատվամիջոցներին է գումար ուղղվելու՝ շուրջ 10 մլն դրամ: Եվ վերջին ծրագիրը՝ աշխատանքն է Սփյուռքի համայնքներում: «2020 թ. նախատեսվում է մոտ 80 գործուղում և դրա համար նախատեսվում է 125 մլն դրամ»,-ասաց նա:

Անդրադառնալով ծրագրերի իրականացման երկրորդ ուղղությանը, Սինանյանն ասաց, որ դրա համար 325 մլն դրամ է նախատեսվում: Դրա շրջանակներում առաջին ծրագիրը Սփյուռքի քարտեզագրման ծրագիրն է, որը ներուժի բացահայտման նպատակ ունի: Ըստ Զարեհ Սինանյանի՝ բյուջեից դրա համար կհատկացվի 115 մլն դրամ: Սփյուռքի ներուժի վերաբերյալ երկրորդ մասը տվյալների համակարգի ստեղծումն է:

«Այսինքն՝ տեղեկությունները հավաքում ենք, պետք է հավաքագրվեն ու վիրտուալացվեն, էլեկտրոնային պլատֆորմ կձևավորվի: Այս տարվա բյուջեում դրա համար 35 մլն դրամ է հատկացվում»,-ասաց նա: Նաև մասնագիտական համաժողովներ կանցկացվեն՝ թվով երեք համաժողով, որի համար կհատկացվի 175 մլն դրամ:

  • Կիսվել: