Իրանը Վրաստանին կոչ է արել դատապարտել Իսրայելի գործողությունները
Թեհրանն ակնկալում է, որ Թբիլիսին Մերձավոր Արեւելքում հակամարտության սրման համատեքստում կորդեգրի «սկզբունքային եւ իրավական դիրքորոշում» եւ կդատապարտի Իսրայելին։ Այս մասին հայտնել է Վրաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ադիբը՝ պատասխանելով վրացի լրագրողների հարցերին։
«Լռությունը կամ այնպիսի դիրքորոշման ընտրությունը, որը կարող է խրախուսել ագրեսորին շարունակել իր հանցագործությունները, լի է լուրջ հետեւանքներով միջազգային կարգի եւ տարածաշրջանային կայունության համար։ Մենք հույս ունենք, որ Վրաստանը կորդեգրի սկզբունքային եւ իրավական դիրքորոշում եւ բացահայտ կդատապարտի միջազգային իրավունքի ակնհայտ խախտումները»,- դիվանագետի խոսքերը մեջբերել է Իրանի դեսպանատունը։
Նրա խոսքով՝ Իրանը հետեւողականորեն աջակցել է Վրաստանին կարեւորագույն պահերին, այդ թվում՝ 2006թ. էներգետիկ ճգնաժամի ժամանակ, եւ միջազգային հարթակներում պաշտպանել է նրա տարածքային ամբողջականությունը։
Դիվանագետը նաեւ համեմատել է Թեհրանի եւ Թել Ավիվի քաղաքականությունը՝ ասելով, որ Իսրայելը, իբր, «անհասկանալի եւ երկիմաստ դիրքորոշում» է ընդունել 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո:
Հարկ է նշել, որ այդ ժամանակ ե՛ւ Իրանը, ե՛ւ Իսրայելը ձեռնպահ մնացին Մոսկվային քննադատելուց եւ սահմանափակվեցին Վրաստանի ինքնիշխանությունը պաշտպանող հայտարարություններով:
«Իրանի եւ Իսրայելի միջեւ կա հսկայական տարբերություն»,- ասել է դեսպանը։ Նրա խոսքով՝ «ի տարբերություն Իսրայելի ռեժիմի, Իրանը հարգում է պետությունների տարածքային ամբողջականությունը եւ միշտ հավատարիմ է մնացել միջազգային իրավունքին»։ «Վստահ եմ, որ բարոյական դիրքորոշումների՝ ընկերոջ եւ իրական թշնամու ընտրության այս հստակ տարբերությունը պարզ է միջազգային հանրության բոլոր անդամների, այդ թվում՝ Վրաստանի կառավարության եւ այս երկրի ժողովրդի համար»,- ասել է նա։
Հունիսի 13- գիշերը Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին՝ հայտարարելով Իրանի կողմից սպառնալիքի աճի մասին: Ի պատասխան՝ Թեհրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ: Հարվածների փոխանակումը շարունակվում է արդեն մի քանի օր:
Վրաստանի ԱԳՆ-ում խոր անհանգստություն են հայտնել Մերձավոր Արեւելքում իրավիճակի թեժացմամբ եւ ընդգծել են դիվանագիտական ջանքերի կարեւորությունը ապաթեժացման համար։